Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Համբարձումյանը, որին մեղադրանք է առաջադրվել նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ իրեն հանձնել են այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ իր անվան փոխարեն որոշ տեղերում ուրիշ մեղադրյալի անուն-ազգանուն է գրված (տես փաստաթղթում)։
Ըստ Արթուր Համբարձումյանի, ակնհայտ է, որ «քոփի-փասթ են արել» ուրիշի մեղադրական եզրակացությունը ու ու տեղադրել իրեն վերագրվող մեղադրանքի մեջ։ Հիշեցնենք՝ ըստ Արթուր Համբարձումյանի, իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել էր ռեժիսոր Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը, երբ լրատվամիջոցներից մեկով Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորին քննադատել էր՝ մեղավոր համարելով ռեժիսորին մահվան հասցնելու մեջ։
Արթուր Համբարձումյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց իր առաջին դատական նիստից՝ նշելով, որ ռեժիսոր Արմեն Գրիգորյանին կալանավորած նախկին դատավորը, որն այժմ անցնում է մեկ այլ քրեական գործով, ևս ներկա էր իր դատական նիստին՝ որպես տուժող։ «Դատը սկսվելուն պես՝ ընդհատվեց, որովհետև առանց մեղադրական երգակցությունը մեղադրյալին տալու, այսինքն՝ առանց ինձ հանձնելու, դատական նիստը չի կարող տեղի ունենալ։ Եվ ես ինչքան հասկացա, մեղադրող դատախազի՝ Եդիգարյան Ա․-ի պահվածքից, դա զարմացրեց իրեն, որովհետև ինքը, երևի թե ուզում էր հենց դատարանի դահլիճում մեղադրական եզրակացությունը հանձնել։ Իմիջիայլոց, մեղադրական եզրակացության մեջ տարբեր տեղերում գրված էր այլ մարդու անուն-ազգանուն։ Այնքան փնթի է սարքված, «քոփի փասթ» են արել, մի քանի տեղ այլ մարդու անուն-ազգանուն է գրված։
Առավել մանրամասն` տեսանյութում: