
Քիչ առաջ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խոսեց արցախցի, գյումրեցի, վանաձորցի տարանջատումների անընդունելիության մասին. «Բախվել ենք մի իրավիճակի, երբ հանդիպում ենք ամոթալի փաստերի հետ: Բերում եմ ընդամենը մեկ օրինակ՝ արցախցի նահատակ հերոս Զորիկ Շահրամանյանի ծնողները՝ Վախթանգն ու Մանուշն, իրենց մեջ այնպիսի ուժ գտան, որ լույս աշխարհ բերեցին փոքրիկ Արիանային, համարձակվեցին հիփոթեքով տուն ձեռք բերել, բայց հիմա հայտնվել են ծանրագույն վիճակում: Նրանք ոչ միայն զրկվեցին Ստեփանակերտում ունեցած իրենց բնակարանից, այլ նաև արդեն 2 ամիս է՝ հերոս Զորիկի զինվորական հայրը չի ստանում զինվորականի իր կենսաթոշակը, իսկ մայրը՝ նորածնի համար նախատեսված նպաստը: Հիփոթեքային վարկը 2-3 ամսով սառեցնելու համար դիմել են բանկ, այնտեղ խոստացել են միայն քննարկել: Իսկ առայժմ ժամկետանց վարկ չունենալու համար ցանկացել են ոսկու գրավադրմամբ բանկերից մեկում գումար ստանալ, բայց մերժվել են: Նրանց ասել են՝ Ստեփանակերտ չկա՝ ձեզ վարկ չենք տալիս: Ինչու պետք է պետությունը, բանկերն այս մարդկանց համար լրացուցիչ դժվարություններ ստեղծեն: Ի դեպ, այս ընտանիքը չի ստացել 100 հազար դրամի օգնությունը և ամեն ամիս տրամադրվող 100 հազար դրամը, քանի որ Արցախից եկել են ավելի շուտ, քան մինչև մեծ ելքը»: