«Սիրելի հայրենակիցներ, պարզ ձևով ասեմ՝ ինչ է կատարվում: Ձեր հարկերով գործում է ՀՀ կառավարություն, ՆԳՆ, Միգրացիայի ծառայություն, որի պարտականությունն է՝ ձեզ անձնագրով ապահովել: Ասում ենք՝ ե՞րբ կլինի, ասում ա՝ չգիտեմ»,- «ՀՀ քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Ասում ա՝ պետություն-մասնավոր համագործակցություն, էդ պետություն-մասնավոր համագործակցության մասին մոռանում եք՝ մեկ անձից գնումով 6 մլն դոլարով ռեփեր բերելու, պետություն-մասնավոր համագործակցությունով մոռանում եք Նոր տարվա համար բազմամիլիոն ծախսեր անելու, պետություն-մասնավոր համագործակցությամբ մոռանում եք մեկ անձից գնումով 200 հազար դոլարով Ավինյանի երդման արարողությունը կազմակերպելու.... Երբ գալիս է ՀՀ քաղաքացու անձնագրի հարցը, որոշել են՝ մեկ անձից գնումով չի կարելի անել, այլ՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ»,- հավելեց Մանուկյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնել էր, որ 2017-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Հետագայում Կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել լայն բարեփոխումների և երկրում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Զեկուցողը նշել էր, որ նախաձեռնությամբ օրենսդիր մարմնին առաջարկվում է հնարավորություն տալ լիազոր մարմնին՝ դեռևս տրամադրելու հին նմուշի անձնագրեր՝ մինչև համակարգի ամբողջական արդիականացումը և ներդրումը: