Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

«Մեզ խաբել է հենց Պուտինը». Տիգրան Պետրոսյան

12:48, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2023 թ.
«Մեզ խաբել է հենց Պուտինը». Տիգրան Պետրոսյան

Մոտ երկու ամիս առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ պատերազմն Արցախի դեմ, որը հանգեցրեց էթնիկ զտման: Ավելի քան 100 հազար մարդ լքել է իր հողը ընդամենը երեք օրում՝ դառնալով փախստական: Ասկերանի շրջանում հարյուրավոր մարդիկ դարձել են ագրեսիայի և բենզինի պաշարների պայթյունի զոհ, որը դարձել է խաղաղ բնակչության խուճապի և ահաբեկման անմիջական հետևանք: Ի՞նչ իրադարձություններ են նախորդել այս ողբերգությանը, և հնարավո՞ր էր խուսափել դրանից: Այս մասին «Инфотека24»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային կոմիտեի նախկին նախագահ, հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը:

Հարց. Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասել եք, որ պատերազմից հետո Արևմուտքն առաջարկել է ղարաբաղյան հարցի լուծման իր փաթեթը: Ո՞րն էր այդ փաթեթը, ինչո՞ւ մերժվեցին առաջարկները։

Պատասխան. Արևմուտքի առաջարկած կոնկրետ փաթեթ չի եղել, եղել է հարցի լուծման հայեցակարգ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այս առաջարկի մասին էր խոսում՝ ասելով, որ «նշաձողը պետք է իջեցնել»: Խոսքը Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակի մասին է՝ ապահովելով հայ բնակչության անվտանգությունն ու հիմնարար իրավունքները։ Ինչո՞ւ մերժվեցին այդ առաջարկները։ Որովհետև նույն ժամանակահատվածում գերտերության (Ռուսաստան – խմբ.) ղեկավարը, որը դաշնակից էր ձևանում, ասաց, որ մենք ապրելու ենք Արցախում, ապրելու ենք այստեղ արժանապատիվ, և որ ստատուս-քվոն շարունակում է գործել, մինչև վերջնական կարգավիճակը որոշվի։ Պուտինի հայտարարությունների ֆոնին Արևմուտքի առաջարկն ընդունելը հետքայլ էր։ Ավաղ, մեզ խաբել են, մեզ խաբել է հենց Պուտինը:

Հարց. Մինչ սեպտեմբերի 19-ը Դուք իշխանություններին հորդորում էիք մարդասիրական միջանցք պահանջել բնակչության ելքի համար: Ինչո՞ւ այն այդպես էլ չբացվեց:

Պատասխան. Այո, ես առաջինն եմ հրապարակավ պահանջել իշխանություններից, որ մարդասիրական միջանցք խնդրեն: Եթե մինչ այդ շանսեր կային գնալ բանակցությունների և խոսել ինքնավարության մասին, ապա վերջում պարզ դարձավ, որ «հարցը լուծված է»:

Հարց. Հնարավո՞ր էր խուսափել այդ ողբերգությունից, և ով է դրա պատասխանատուն:

Պատասխան. Այո, հնարավոր էր խուսափել այս պատերազմից, եթե իշխանությունները ժամանակին մարդասիրական միջանցք խնդրեին:

Հարց. Ի՞նչ առաջնահերթություններ են այսօր դրված արցախցիների և Հայաստանի առջև:

Պատասխան. Առաջնահերթ է փախստականներին ժամանակավոր կացարանով ապահովելը: ՀՀ իշխանությունների խնդիրն է ամբողջ աշխարհին ներկայացնել, որ արցախցիներին վտարելը ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում: Վերադարձի մասին հիմա վաղ է խոսել, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան: Այժմ ոչ ոք չի վստահի ռուս խաղաղապահներին։ Միայն միջազգային երաշխիքների և միջազգային խաղաղապահ առաքելության ներկայության դեպքում Արցախի քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց տները, իրենց հողը:

Աղբյուրը` Инфотека24
9420 | 2
Facebook