ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրությամբ դիմել է Ներքին գործերի նախարարին. «Հարգելի պարոն Ղազարյան, անզեն աչքով իսկ տեսանելի է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդների կողմից զանգվածաբար խախտվում են վարորդների և ուղևորների ամրակապման կանոնները, ինչպես նաև տպավորություն է ստեղծվում, որ Ոստիկանության Պարեկային ծառայությունը այդ իրավախախտման նկատմամբ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում, ինչն անթույլատրելի է, քանի որ վթարների ժամանակ չամրակապված վիճակում լինելը բազմապատիկ ավելացնում է ծանր վիրավորման կամ մահվան ելքերը:
Այս իրավախախտման զանգվածային լինելը հատկապես ակնառու է դարձել տրանսպորտային միջոցների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ապահովելուց հետո:
Խնդրում և առաջարկում եմ Ձեզ սահմանել ժամկետ, որից հետո վարորդների և ուղևորների չամրակապման նկատմամբ Ոստիկանության Պարեկային ծառայության կողմից այլևս հանդուրժողականություն չի դրսևորվի, այդ մասին իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, որպեսզի որևէ վարորդ չկարողանա պնդել, թե ինքը տեղյակ չի եղել, որ այլևս այդ իրավախախտումների համար տուգանվելու են, չնայած այն հանգամանքին, որ իրականում դրա կարիքը չկա էլ, քանի որ օրենքի այդ պահանջը երբեք էլ չի չեղարկվել:
Ինչպես նաև խնդրում եմ Ձեզ հրահանգավորել Ոստիկանության Պարեկային ծառայությանը այդ ժամկետից հետո իրականացնել խիստ հսկողություն վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ»: