«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում: Քաղաքապետարանն ամանորյա ձևավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի ևս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, և այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության հետ կապված ծախսերն են՝ արդեն իսկ առկա լուսավորության սարքերի դուրսբերում, լվացում, չորացում, տեղադրում և այլն։ Ամանորին դեռ մեկուկես ամսից ավելի ժամանակ կա, վստահաբար՝ քաղաքապետարանը լրացուցիչ ծախսեր ևս կկատարի:
Հիշեցնենք, որ այս նույն «Սինեմարտ» ընկերությանն էին պատվիրել նաև անցած տարվա Ամանորի կազմակերպումը` հսկայական գումարներ էին վճարել, նորից մեկ անձից գնումներ արել: Իսկ այս ընկերությունը «դռելով» ծակծկել էր Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերը, ինչի արդյունքում մեծ աղմուկ բարձրացավ»։