Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին որևէ տեղեկություն չեն հաղորդել․ «Հրապարակ»

09:54, շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ.
Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին որևէ տեղեկություն չեն հաղորդել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը հրապարակեց արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը։ Նրան 1992 թվականին Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերի մեջ մեղադրեցին, ինչ-որ կեղծ վկաներ բերեցին դատարան ու դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ Այս մասին մենք իմացանք ադրբեջանական լրատվամիջոցներից, որոնք պարբերաբար հեռարձակում էին դատավարության ընթացքը։ Ազատազրկման առաջին 5 տարին, ըստ ադրբեջանական դահիճ դատարանի կայացրած դատավճռի, Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Չնայած միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր, որ Ադրբեջանում գտնվող 16 գերիների առողջական վիճակի ու պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին, Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ ոչ մի տեղեկություն իր տարեց հորից իրենք չեն ստացել։ «Ոչ մի տեղեկություն, ոչ մի լուսանկար, ոչինչ չենք ստացել, ոչ մի նոր բան, ամեն ինչ համացանցից ենք իմանում, դատից հետո անգամ ոչ մի նորություն»,- նշեց նա: Վերա Խաչատրյանն ասում է, որ հոր լուսանկարները միայն դատական նիստի ժամանակ է տեսել: Նա պնդում է, որ հայրն անմեղ է, ոչինչ չի արել, սակայն դատապարտվել է սարսափելի դատավճռով։ «Իսկ ի՞նչ սպասել, սարսափելի է միանշանակ, սարսափելի է, որովհետև անմեղ մարդը հայտնվել է Բաքվում և դատապարտվել: Իմ հայրը պետք է ազատ արձակվի, բայց դե տեսանք` ինչ եղավ»,- նշեց նա: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Բաքվի հրապարակած դատավճռից հետո, իրենք դիմե՞լ են որևէ կառույցի կամ պետական որևէ մարմնի, Վերա Խաչատրյանն ասաց. «Դեռևս ոչ մի տեղ: Որևէ մեկը մեզ հետ կապ չի հաստատել, ես հիմա շատ վատ վիճակում եմ և այլեւս չեմ կարող խոսել»»։

Մանրամասները՝ թերթի համարում։

1571 | 0
Facebook