Մանրամասներ՝ Արցախից բռնի տեղահանվածների ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագիր կնքելու մասին
![]() Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հոկտեմբերի 31-ին գրանցել է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի կողմից «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված լրացումները, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 15-ին։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համատեղ քննարկումների արդյունքում Կանոններում լրացումներ են կատարվել՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք և ստեղծված սոցիալական իրավիճակի պայմաններում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը: Մասնավորապես, սահմանվել է հետևյալը. Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք եղած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին. 1) ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում, 2) մինչև 2020 թվականի արտադրության է, 3) չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն, 4) սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Վերոհիշյալ պայմաններից օգտվելու համար համապատասխան ապահովադիրներից չի պահանջվում որևէ լրացուցիչ գործընթացների իրականացում կամ փաստաթղթերի ներկայացում. անհրաժեշտ է անցնել ԱՊՊԱ պայմանագրի առցանց կնքման նախատեսված ընդհանուր քայլերով և պայմանագրի կնքման համար վճարել գումար, որն արդեն իսկ հանդիսանում է ապահովագրավճարի 50 տոկոսը։ Նշված քայլերին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով։ |