Հոկտեմբերի 29-ին Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հիմնականում կանայք և երեխաներ են եղել, որոնց թվում՝ թոքերի արհեստական շնչառության սարքին միացված մի երեխա։ Այս մասին «Դաղստան» հանրապետական պետական հեռարձակման ընկերության թելեգրամ-ալիքում հայտնել է «Մախաչկալայի օդանավակայան ԲԲԸ» գլխավոր տնօրեն Սաիդ Ռամազանովը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռում կանայք և երեխաներ են եղել։ 50 հոգուց ընդամենը 5-10 տղամարդ էր։ Ինքնաթիռում եղել է նաև մի երեխա՝ հաշմանդամի սայլակով, թոքերի արհեստական շնչառության սարքին միացված։
Նա նշել է, որ Պետդումայի պատգամավոր Խիզրի Աբակարովի և անկարգությունների մասնակիցների միջև կայացած բանակցությունների շնորհիվ հաջողվել է խուսափել մեծ թվով զոհերից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել։ Ծայրահեղական մահմեդականները վազել են թռիչքուղու վրա, երբ Իսրայելից ինքնաթիռ է ժամանել։ Անկարգությունների ժամանակ տուժել է 20 մարդ, ոստիկանությունը բերման է ենթարկել 60 մասնակցի։