Սուրբ Գրիգորիսի ջարդված տապանաքարի լուսանկարը հին է
![]() Օրեր առաջ համացանցում լուր էր տարածվել այն մասին, որ Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Սբ Գրիգորիսի տապանաքարը ոչնչացվել է թշնամու կողմից։ Այս կապակցության «Լույս» հիմնադրամը, որը 2019 թվականից զբաղվում էր Ամարասի վերականգնմամբ, հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է, որ համացանցում տարածված լուսանկարը հին է։ Հայտարարությունից պարզ է դառնում, որ լուսանկարում երևացող տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն այս տապանաքարը 1990թ-ին ջարդել էին ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, երբ վանքն անցել էր նրանց վերահսկողության տակ: Ամարասի վանական համալիրում 2000թ-ի սկզբին պատրաստվել է տապանաքարի կրկնօրինակը և դրվել մասունքարանում: Այսպիսով, 2001թ.-ից ի վեր Ամարասում ներկայացված է եղել Սբ. Գրիգորիս կաթողիկոսի երկու տապանաքար՝ 19-րդ դարի վերջին պատրաստված տապանաքարը մշտապես ցուցադրվել է եկեղեցու ներսում՝ մուտքի մոտ, իսկ նոր տապանաքարը տեղադրված է եղել դամբարանում՝ եկեղեցու խորանի տակ: |