«Ֆեյսբուք»-ում հրապարակվել է արձակագիր Գուրգեն Խանջյանի «Ինչ կա չկա» վեպ-էսսեից մի հատված. «Ինչի՞ն ես սպասում, ո՞ւմ։ Մենակս, էքզիստենցիալս, որ միշտ սայրի բերանով ես գնացել-եկել, միշտ` անկման սահմանով, վիհի եզրով, քո ազգային խաղն էլ քո էքզիստենցիալ գոյության խորհրդանիշն է կարծես` օդի մեջ ձգած երերուն լարի վրայով, ձեռքերդ լայն տարածած` հավասարակշռությունդ մի կերպ պահելով։
Հիշում ես,- մոռանալու չի,- իննսունականներ, կայսրության փլուզում, պատերազմ, փողոցներդ` մութ, ցուրտ, խանութներդ` դատարկ, մարդիկ` նավթավառներով, նավթի տարաներով, փայտով-թղթով-փալասով բեռնված, հացի հերթեր, սով։
Բայց դիմացար, հաղթեցիր, էն որբուկիդ բերիր` կպցրիր քեզ, տաքացրիր, ու սխալով, թե ճշտով, արյուն-քրտինքով, սայթաքել-կանգնելով` սանտիմ առ սանտիմ, մետր առ մետր բարձրացար, ոտքի ելար, մեջքդ ուղղեցիր։
Հիմա քեզ ի՞նչ պատահեց, տաժանակրությամբ շահածս, ուժեղս։ Օտար ինչ-որ արժեքներով ախտահարված ամբոխավարների «քանդող բրիգադը» եկավ, կեղծածոր խոսքով հմայեց քեզ, խելքդ կերավ, քեզ համար ոչինչ չարած` քեզ աճուրդի հանեց, ոչինչ չստեղծած` եղածն ավերեց, անհայրենիք, անկարոտ, անսեր, անարժանապատիվ, պարտվողական։
Կասկածի որդեր են գցել ներսդ, սկսել ես կասկածել ինքդ քեզ, կասկածյա՛լս, ոգիդ կոտրում են, մոռացնել են տալիս պատմությունդ, հաղթանակներդ, հերոսներիդ, գրքերդ, երգերդ։
Խաբվեցիր։ Հազարավոր տարիներ ապրել ես ու դարձյալ հավատացիր-խաբվեցիր, միամի՛տս...
Բայց հո էսպես չե՞ս մնալու։ Դանակը ոսկորիդ է հասել արդեն, Հայկի նետը հեծնած` դարերի միջով թափանցել, եկել, հասել ես էստեղ, հիմա հո չե՞ս դավաճանելու, չե՞ս հրաժարվելու։ Տիրոջ աչքն էլ վրադ է, պատժում է հաճախ, այո, պատժում է` որ էսքան ապրելով փորձ չես առնում, բայց չի վռնդում, սիրում է, պահում է, աշխարհի աղն ես, թթխմորը։ Էս մերձակայքում, մոտ ու հեռու, երկրի կեղևը որտեղ բարձրացնես` տակին պատմական դու ես, հեռացրել են քեզ քեզնից, փոքրացրել, փոքրացրել` մի բուռ են դարձրել, պստլո՛ս, բայց մի՛ մոռացիր քեզ, տիրոջ հայացքով նայիր շուրջդ, գոնե մնացած էս պստլիկդ ամուր պահիր, դա էլ զիջես` զիջած էն մեծդ էլ կկորչի, էն մեծը, որ էս փոքրի մեջ է, քո պատմության, առասպելների, գրքերի, երգերի, քո ոգու և հոգու մեջ, նա էնտեղ է, բայց` էստեղ, ոչինչ մի կորցրու այլևս, թե չէ կմնաս մի մոռացվող անուն` աշխարհի պատմության թանգարանի փոշոտ դարակին...
Ու ո՞նց զիջես, ո՞նց կորցնես էս խտացած հրաշքը։
Բարձրացիր Արագածի լանջն ի վեր, փռիր նախշուն կարպետդ կանաչ խոտին, նստիր Արարատին դեմ-հանդիման, նայիր շուրջբոլորդ։ Հեքիաթ է, չէ՞։
Դե սթափվի՛ր, սիրունս, վեր կաց արդեն, թափ տուր քեզ, թափիր վրայիցդ կեղտը, հանի՛ր միջիցդ վախի, կասկածի, պարտվողականության ճիճվին, ոտքդ քոչարիով ամուր զարկիր հողիդ` ուժ առ, համարձակ նայիր աշխարհին, ասա` ե՛ս եմ, ի՛մն է, եղե՛լ եմ, կա՛մ ու լինելու ե՛մ։
Դե վեր կաց, հարազատս, ուժեղս, կանգնիր, որ ես էլ կանգնեմ, ուսս դեմ անեմ ու քայլենք միասին. ճանապարհիդ, ինչ-որ պահի ես ետ կմնամ, դու մի շրջվիր` ինձ մի փնտրիր, գնա անկանգ, հավերժի ճամփորդս, ես ետ մնամ-չերևամ էլ` էստեղ եմ, քո մեջ, քեզ հետ»։