Խորհրդարանը քննարկում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը. «ՀՀ-ում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, բայց ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ առաջարկելով սահմանել պետական տուրք: «Մեր երկրում ունենք մի իրավիճակ, երբ ավանդական գործող տաքսի ծառայությունները վերացան, փոխարենը կան անհատ վարորդներ ու օն լայն հարթակներ, որոնց միջոցով մարդիկ մատուցում են իրենց ծառայությունները: Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բոլորը կարող են տաքսի ծառայություն մատուցել ու էդ դաշտում չունենք ոչ բավարար ինֆորմացիա ու վերահսկողություն»,- իր հերթին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Նախագծով միջանկյալ ինչ-որ քայլ ենք կատարում՝ սկսում ենք օն լայն տաքսի ծառայությունից. սահմանվում է տուրք՝ առաջին տարում 1,5-2 տոկոս, հետո՝ կամաց-կամաց կավելանա ու կկազմի 4 տոկոս՝ անկանխիկ վճարումների դեպքում, 5 տոկոս՝ կանխիկ վճարումների դեպքում»,- հավելեց պատգամավորը:
Օրենսդրական փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերի 1-ից: