Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ից` ներողություն խնդրել, որ տարիներ շարունակ ՀԱՄԱՍ-ին թույլ է տվել «պատերազմական մեքենա» կառուցել Գազայի հատվածում, ասել է կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։
«Մենք պահանջում ենք ներողություն խնդրել: ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ շտապել են ընդունել ԴԱԻՇ-ի նման ահաբեկիչների ստերը և հրաժարվել են ընդունել օրինապաշտ ժողովրդավարության կոշտ ապացույցները:
Դուք պետք է ներողություն խնդրեք, ներողություն խնդրեք, որ երբեք չգումարեցիք Խորհուրդ, երբ ՀԱՄԱՍ-ի հրթիռները միտումնավոր արձակվում էին իսրայելական հիվանդանոցների ուղղությամբ: Ներողություն խնդրեք տարիներ շարունակ ձեր գլուխը ավազի մեջ թաղելու համար, մինչ ՀԱՄԱՍ-ն անարգել կառուցում էր իր ռազմական մեքենան Գազայում»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել է ի պատասխան Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման:
Նա անհասկանալի է համարել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը հրեական պետության վրա։
Նշենք, որ Անվտանգության խորհրդի նիստն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԱՄԷ-ի նախաձեռնությամբ։