Եգիպտոսը դժգոհ է արևմտյան որոշ երկրների ճնշումներից՝ Գազայի հատվածի հետ սահմանին Ռաֆահ անցակետը բացելու և պաղեստինցի փախստականներին ընդունելու պահանջով, գրում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։
Նրանցից մեկը հրապարակմանը պատմել է, որ իր ավագ եգիպտացի գործընկերն սպառնացել է Գազայի հատվածից 1 միլիոն փախստականի ուղարկել Եվրոպա, եթե Արևմուտքը շարունակի պնդել, որ անցումը բացվի։
«Դուք ուզում եք, որ մենք ընդունենք 1 միլիոն մարդու: Դե, ես նրանց կուղարկեմ Եվրոպա։ Եթե դուք այդքան մտածում եք մարդու իրավունքների մասին, ապա վերցրեք նրանց»,- եգիպտացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում FT-ի զրուցակիցը։
Աղբյուրի համաձայն՝ եգիպտացիները «շատ զայրացած են», որ իրենց վրա ճնշում են գործադրում։
Ըստ FT-ի՝ եգիպտական կողմը արևմտյան դիվանագետներին ասել է, որ մարդասիրական օգնություն կմատակարարի Գազայի հատվածին, սակայն հրաժարվում է ընդունել պաղեստինցի փախստականներին։ Միևնույն ժամանակ, Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներն աղբյուրին հայտնել են, որ Իսրայելն արգելել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: Եվրոպացի դիվանագետը, ում անունը չի նշվում, պաշտոնյային ասել է, որ Իսրայելը պատրաստ է փախստականներին բաց թողնել Ռաֆահ անցակետով, սակայն պատրաստ չէ մարդասիրական օգնություն ընդունել։