Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

«ԼՂՀ լուծարմամբ ազդարարվեց Հայաստանի ավարտը». Հրանտ Տեր-Աբրահամյան

17:00, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.
«ԼՂՀ լուծարմամբ ազդարարվեց Հայաստանի ավարտը». Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԼՂՀ լուծարմամբ միայն ԼՂՀ-ն չի լուծարվում:
     Իրականում սա նաև այսպես կոչված Երրորդ Հանրապետության, հետսովետական Հայաստանի ավարտի ազդարարումն էր: Ճիշտ է, դա նոր չի ավարտվել, այլ 2020-ի նոյեմբերի 9-ին, բայց շատերս դա դեռ չենք գիտակցել, և շարունակում ենք կարչել դրա փրփուրներից:
     Գրում եմ` հետսովետական Հայաստան, որովհետև իրապես անկախ Հայաստան մենք չենք կառուցել, և նոր պետք է կառուցենք:
     Հետսովետական Հայաստանը սկսվեց 1988-ին և ավարտվում է այսօր:
     Առաջնային նպատակ է դառնում այդ հետսովետական Հայաստանի մնացուկները, ներառյալ այսօրվա իշխող թիմն ու իրենց երկվորյակ զույգ ընդդիմությունը` բաղկացած «Երրորդ հանրապետության» նախկին վերնախավերից, ճամփելը` հեռու հեռուներ:
     Սա միակ նպատակը չէ, և ինքնանպատակ չէ, բայց անհրաժեշտ պայման է:
     Նախևառաջ պետք է վերականգնվի պատասխանատվություն երևույթը, որն այսօր ի սպառ բացակայում է` շնորհիվ այսօրվա իշխանություն-ընդդիմություն սիմական զույգի երեք տարվա փաստացի գործակցության:
     Նվազագույն քայլը քաղաքական ազգ դառնալու ճանապարհին պետք է լինի պատասխանատվություն պարտադրելը:
     Նախ` էսօրվա կառավարությանը` պարտության և Արցախի կորստյան համար: Չի կարող սա առանց պատասխանատվության անցնել: Սա պետք է կյանքի նպատակ դառնա: Երբեք ոչ ոք չպետք է մտածի, որ պետք է մի ամբողջ սերունդ հայերի զոհաբերությունը, ջանքը, գործը վարի տա մի քանի տարում, ու դա նորմալ է:
     Երկրորդ` ՀՀ քաղաքական վերնախավի մեծ մասին` սկսած նրանցից, ովքեր քաղաքական և պետական ֆիգուրներ դարձան Ղարաբաղի անունով և պայքար, պայքար մինչև վերջի կարգախոսով: Սա էլ է պարտադիր: Իմ սերնդակիցները սզկիբն են տեսել, հիշում են: Ոչ ոք չպիտի մնա առանց պատասխանատվության: Ոչ էլ մեկը մյուսի վրա գցելով մեղքը կարող են արդարանալ:
     Հասնելու համար այս նվազագույն նպատակին, պետք է ոչ թե սպասենք հերթական սուր իրավիճակին, ու հետո հարցնենք` բա հիմա ինչ անենք:
     Այդպես չի ստացվի:
     Երկու օրում հայրենիք չես փրկի:
     Եթե սկսեինք երկու տարի առաջ, այսօր արդեն այլ իրավիճակ կունենայինք:
     Դրա համար պետք է սկսել աշխատանքը` մի քանի ամսում կառուցելու համար իրապես ազդեցիկ համազգային Շարժում:
     Ոչ թե տարրերային, փողոցային մի բան:
     Այլ` գաղափարական, ծրագրային, կազմակերպված, Հայաստանով մեկ տարածված Շարժում:
     Դա ամեն դեպքում օրերի գործ չի, որքան էլ բոլորս ուզենանք արագ լուծում:
     Սա մեր ինքնիշխանության վերականգման նախնական քայլը պետք է լինի:
     Շարժումը չպետք է լինի բոլորի միասնություն:
     Այդպես չի լինում:
     Բոլոր հայեր չկան:
     Պետք է ունենալ սահմաններ` գաղափարական, արժեքային, ծրագրային, կազմակերպչական: Դրան հասնելու համար պետք է աշխատանքային պլան և ժամանակացույց:
     Շարժումը չպետք է կրկնի "Երրորդ Հանրապետության" ավանդական մեթոդաբանությունը` "մենակ թե սրանք գնան", հետո կերևա: Մի անգամ արեցինք դա, տեսանք արդյունքը: Չպետք է անձնի խնդիր դրվի: Այդպես խնդիրը դնողները արդեն երեք տարի է այդ նույն անձին փրկում են:
     Պետք է դրվի երկրի խնդիր, և ելքի խնդիր:
     Պետք է պարզ լինի երկրիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիրը, ուղենիշները:
     Մի անգամ էլ կրկնեմ:
     Թող ոչ ոք չխաբվի` այսօրվա իշխող թիմը, նրա քաղաքական կուրսը, նրա էկլեկտիկ գաղափարախոսությունը միանգամայն մաս են «Երրորդ հանրապետության»: Նրանք նույնպես օրգանիկ մասն են իր հետմահու գոյությունը քարշ տվող հետսովետական Հայաստանի:
     Վերջինը, բայց ոչ անկարևորը:
     Կա նաև Պատվի հարց:
     Մենք մեր պատիվն ամբողջությամբ դեռ երկար չենք վերականգնի:
     Բայց առաջին քայլը Պատվի վերականգման նա է, որ այսօրվա քաղաքական դաշտն իր հիմնական ակտորներով ճամփու դրվի, և պատասխանատվություն կրի:
     Սա նվազագույն, ոչ բավարար, բայց անհրաժեշտ քայլն է»:

| | |
4073 | 1
Facebook