Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

«Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի». Արմեն Դարբինյան

16:00, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.
«Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի». Արմեն Դարբինյան

Հայ-ռուսական համալսարանի նախկին ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը. «Մի քանի շտապ կետ օրվա հրամայականով.
     • Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի։ Այն հիմնել է Արցախահայությունը, որը իր գերակշիռ մեծամասնությամբ արդեն ՀՀ տարածքում է` Ադրբեջանի գենոցիդալ գործողությունների արդյունքում։
     • Պետության հիմնական հենասյունը ժողովուրդն է, այն առկա է։ Հաջորդ սյունը տարածքն է, որը այժմ բռնազավթված է գենոցիդալ թշնամու կողմից, սակայն ունի հստակ գծագրված սահմաններ։
     • Հայաստանի Հանրապետությունը խնդիր ունի մոբիլիզացնելու ողջ հայության ռեսուրսը` երկու նպատակով. 1) հնարավորինս կարճ ժամկետում ապահովել Արցախահայության համար արժանապատիվ կեցության պայմաններ` կոմպակտ տեղակայման սկզբունքով; 2) ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները նրանց ինքնակազմակերպման համար։
     • Այդ քայլերի իրագործումից հետո Արցախահայության կողմից հանրաքվեով պիտի ընդունվի նոր Սահմանադրություն և Հռչակագիր` վտարանդի պայմաններում Արցախի Հանրապետության գոյության, նպատակների և գործողությունների մասին։ Նաև` Արցախահայության` որպես ՀՀ քաղաքացիների իրավունքների և պարտավորությունների մասին։
     • Նշված գործընթացներին մեր պետությունը պիտի ուղղակի նպաստի, չհանդիսանալով դրանց անմիջական իրագործողը. ժողովրդավարական պետությունների առանձնահատկությունն հենց այն է, որ հասարակությունն ունի ինքնակազմակերպման և ինքնարտահայտման բոլոր հնարավորությունները։
     • Պետությունը պիտի շարունակի վարել դեպի խաղաղության պայմանագրեր տանող դիվանագիտությունը։ Իհարկե` նշված կոնտեքստում այն ավելի բարդ է լինելու։
     • Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրագործված հակամարդկային և հակաօրինական բռնությունը անհապաղ է դարձնում հանրային, պետական և համահայկական ողջ ռեսուրսի կենտրոնացումը` Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին ազատելու նպատակով։ Այս կետը պիտի փորձել դարձնել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։
     • Անհրաժեշտ կհամարեի նաև այս փուլում մորատորիում հայտարարել մեղավորների փնտրտուկի, իրավիճակի մեղքը իրար վրա գցելու նկատմամբ։ Մեզ ուժերի կենտրոնացում է պետք, բավարար է բզկտվելը, ինքնափրկության բնազդը վերջապես պիտի հաղթի ինքնաոչնչացման մոլուծքին։
     ԲԱ'ՐՁՐ ՄՆԱՑԵՔ»:

| | |
7643 | 3
Facebook