«Ադրբեջանցի պատգամավորը խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու մասին». Տ. Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով: Թե՛ քարոզչական մամուլը, թե՛ պատգամավորները, թե՛ իշխանությունների խոսնակները նույն թեզի շուրջ են կառուցում իրենց խոսքը, որ իբրև բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, թիրախում էլ՝ Սյունիքն է: Երեկ օրինակ, իրենց պատգամավորներից մեկը վրացական մեդիային տված հարցազրույցում պարզ տեքստով խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու իրենց նպատակների մասին: Դրան զուգահեռ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական ուղեբեռով թռիչքների աճ է նկատվում: Այս ամենը կարող է արվել երկու նպատակով՝ 1) Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ-ի դեմ և շատ ակնհայտորեն խոսում է դրա մասին: 2) Սա տեղեկատվական քարոզչական գիծ է, որի նպատակը հայ հանրության ներսում խուճապ առաջացնելն է, իսկ ՀՀ իշխանությունների հանդեպ կիրառվում է ուժի սպառնալիքի գործոնը: Երկու դեպքում էլ գործ ունենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության հետ: Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները: Խելացի աշխատել գործընկերների հետ, տեղեկատվական քարոզչական նյութերը օպերատիվ իրավիճակի հետ միասին ներկայացնել նրանց: Ավելի լավ է կանխարգելիչ քայլեր անել հիմա, քան սպասել էսկալացիայի, նոր գործել: Պետք է ինտենսիվ աշխատել իրանական կողմի հետ: Իրանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Իրանի ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը՝ սահմանների անձեռնամխելիության հետ կապված: Իրանն իսկապես կարևոր զսպիչ գործոն է տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիայի հարցում, ուստի պետք է օգտվել դրանից: Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Հանրությանը մեծ մասամբ տեղեկատվական աղբ է մատուցվում, իրականության հետ կապ չունեցող լուրեր, որոնք միայն վնաս են տալիս մեզ: Բնական է՝ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել բանակում: Խիստ կասկածում եմ, որ իմ ասածներից որևէ մեկը կարվի, բայց նաև հույս ունեմ, որ կսխալվեմ: Իրադրությունը իսկապես կարող է շատ արագ լարվել, պետք է աշխատել հենց այս պահից սկսած»: |