«Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից Վահե Էնֆիաջյանը ստել է և դատարանի որոշմամբ կփոխհատուցի ՄԱՄՈՒԼ․am-ին
ԱԺ նախկին փոխնախագահ, «Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից Վահե Էնֆիաջյանը դատական հայց էր ներկայացրել ՄԱՄՈՒԼ․am-ի դեմ՝ պնդելով, որ «Վահե Էնֆիաջյանի օգնականն առաջարկում է գումարի դիմաց գովեստներ գրել Ծառուկյանի մասին և վարկաբեկել Փաշինյանին» նյութում նշված Լիաննա Մանուկյան անունով օգնական չի ունեցել։ Նյութի հրապարակումից հետո, Վահե Էնֆիաջյանը խմբագրություն էր ուղարկել ինքնամեծարման ասք հիշեցնող մի տեքստ, վերնագրել՝ «Հերքում» և պահանջում էր հրապարակել այն։ Պահանջն, իհարկե, մերժվել է, որից հետո վերջինը դիմել է դատարան։ Առաջին փորձի ժամանակ դատարանը հետ է վերադարձրել հայցադիմումը, քանի որ Էնֆիաջյանը չէր վճարել 4000 դրամ պետական տուրքը։ Երկրորդ փորձից հայցադիմումն ընդունվել է վարույթ (հիշեցնենք, որ երեք տարի առաջ «Դոդի Գագո» մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանն էր հայցադիմում ներկայացրել ՄԱՄՈՒԼ.am-ի դեմ, սակայն սխալ էր գրել դատարանի անունը, և դատարանը հետ էր վերադարձրել հայցադիմումը)։ Էնֆիաջյանի հայցը քննող դատավոր Զարուհի Նախշքարյանը, ում լիազորությունները դադարեցված են, դատաքննության նիստն անց էր կացրել խմբագրության ներկայացուցչի բացակայության պայմաններում և բավարարել հայցը։ Դատավոր Զարուհի Նախշքարյան Վճռի հրապարակումից հետո, Էնֆիաջյանը հրապարակել էր՝ «Զրպարտությունը հերքելով՝ արդարության հետքերով» ճառը։ Քանի որ Էնֆիաջյանի պնդումները բացահայտ կեղծիք էին, անգամ՝ տարօրինակության աստիճան զարմանալի, քանի որ վերջինը հերքում էր պաշտոնական բացահայտ փաստը, խմբագրությունն ԱԺ աշխատակազմից պահանջեց ներկայացնել Էնֆիաջյանի աշխատակիցների հաստիքացուցակը։ Շուտով ստացվեց պատասխանը, որում կարդում ենք․ «2019 թ․ Լիաննա Մանուկյանը եղել է պատգամավոր Վահե Էնֆիաջյանի աշխատող օգնականը։ 2020-2021 թթ․ Լիաննա Մանուկյանը եղել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի աշխատող օգնականը»։ ԱԺ Տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանի պատասխան գրությունը Այսպիսով, Վ․ Էնֆիաջյանի պնդումը, թե ինքը Լիաննա Մանուկյան անունով օգնական չի ունեցել բացահայտ սուտ է։ Առավել տարօրինակ է, թե ի՞նչ հիմնավորմամբ է դատավոր Նախշքարյանն ապացուցել, որ պետական գրանցված աշխատողը գոյություն չունի և որ Էնֆիաջյանն այդպիսի անունով օգնական չունի այն դեպքում, երբ ԱԺ հաստիքացուցակում այդ անունը կա։
Խմբագրությունը վերաքննիչ բողոքում ներկայացրել է ԱԺ աշխատակազմի պատասխանը և դատարանն անմիջապես բեկանել է դատավոր Նախշքարյանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։ Օրերս հրապարակվեց նոր որոշումը (թիվ ԵԴ/15587/02/21), որով Վահե Էնֆիաջյանի հայցն ամբողջությամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Դատարանը նշել է, որ Վահե Էնֆիջյանը չի ապացուցել, որ Լիաննա Մանուկյանը չի հանդիսացել իր օգնականը, իսկ ՄԱՄՈՒԼ․am-ի ներկայացրած ապացույցով հաստատվում է ճիշտ հակառակ փաստը (էջ 8), 2020-2021 թվականներին Լիաննա Մանուկյանը եղել է ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականը (էջ 7)։ ԵԴ/15587/002/21 քաղաքացիական գործով որոշման պատճառաբանությունները և իրավական վերլուծությունները, էջ 7 ԵԴ/15587/002/21 քաղաքացիական գործով որոշման պատճառաբանությունները և իրավական վերլուծությունները, էջ 8 Այսպիսով, դատական ակտով ապացուցվում է, որ պետական բարձր պաշտոնյա հանդիսացող ԱԺ փոխնախագահ, «Դոդի Գագո» մականունով հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ստել է և ներկայացրել կեղծ տեղեկություններ, հիմնավորումներ, պարզաբանումներ՝ փորձելով մոլորեցնել դատարանին և կեղծել պաշտոնական փաստաթղթերում առկա փաստը։ Դատարանը պահանջել է նաև Վահե Էնֆիաջյանից բռնագանձել խմբագրության կողմից վճարված պետական տուրքը։ Հավելենք նաև, որ խմբագրությունը կդիմի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Վահե Էնֆիաջյանի կողմից պաշտոնական կեղծիք կատարելու հիմքով, որի մասին կտրամադրենք հավելյալ տեղեկություններ։ Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը։ |