Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները բանակցություններ են վարել Սոչիում

17:18, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները բանակցություններ են վարել Սոչիում

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը Սոչիում բանակցություններ են վարել. «Ազատության» փոխանցմամբ, հայտնում են ռուսական կառավարությունից։
     Հանդիպման սկզբում ՌԴ կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները։

«Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք ռազմավարական և դաշնակցային բնույթ են կրում»,- ընդգծել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկան և, մասնավորապես, գործարար համագործակցությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել փոխադարձ առևտրի և ներդրումային ակտիվության աճի վրա։

«Մենք շատ լավ դինամիկ ունենք, և ես շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում: Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը, և նայելով արդյունքներին՝ ես արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք, մեծ մասամբ կյանքի է կոչվել», - արձանագրել է Միշուստինը։

Սոչիում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Միխայիլ Միշուստինը նշել է միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որի շնորհիվ ընդլայնվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը։

Ռուսաստանը շահագրգռված է նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման և ագրոարդյունաբերության ոլորտներում, ասել է ՌԴ վարչապետը։

Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան՝ համակարգված աշխատանք է տարվում Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, ստեղծվում են ենթակառուցվածքային նոր ուղիներ։

Հայաստանի վարչապետը նշել է այն շոշափելի առաջընթացը, որը, իր կարծիքով, ձեռք է բերվել վերջին հանդիպման ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու նման աշխատանքը և իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։

2398 | 0
Facebook