Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով. ԱՆ

12:42, չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ.
Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով. ԱՆ

«Առանց ծխախոտի համաշխարհային օրն է». այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
     «Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար:
     Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով:
     Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։
     2022 թվականին Հայաստանում իրականացված Առողջապահության համակարգի գործունեության համակարգի ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 53.2%-ը, կանանց` 2%-ը)։
     Բնակչության առողջության վրա փակ տարածքում երկրորդային ծխի ազդեցության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2016 թ.-ի համեմատ 2022 թ.-ին այն նվազել է 53.1%-ից մինչև 47.0%։
     Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ:
     Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:
     Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վրա:
     Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ և բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2136 | 0
Facebook