Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում իտալացի մարզիչներն արդեն նկատում են բացառիկ տաղանդներին

17:36, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում իտալացի մարզիչներն արդեն նկատում են բացառիկ տաղանդներին

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարն արդեն երկրորդ օրն է` մարզումներ է անցկացնում Հայաստանում: Մարզաբնակ 160 տաղանդաշատ պատանի 10 օր շարունակ երկու հերթափոխով հնարավորություն կունենա մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների ղեկավարությամբ:

Ճամբարը Հայաստան բերելու նախաձեռնությունն Ամերիաբանկինն է: Այս գաղափարի շուրջ համախմբվել են Հայաստանի խոշորագույն ընկերությունները` ԶՊՄԿ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն:

Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանի խոսքով, ընտրությունը կանգ է առել մարզաբնակ երեխաների վրա, քանի որ թվաքանակի սահմանափակում կար, այդ պատճառով որոշեցին հնարավորություն ընձեռել հենց մարզերի երեխաներին:

Ճամբարի մարզիչները, թեև դեռ երկու օր է, ինչ աշխատում են երեխաների հետ, արդեն իսկ տպավորված են ու գոհ նրանց պատրաստվածությունից. «Հատկապես մեծ ոգևորություն կա երեխաների շրջանում, ինչն արդեն պարտավորեցնում է»,- ասում է ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլան:

Լրագրողներին հետաքրքրում էր` արդյոք հնարավոր է, որ այս մարզումների արդյունքում որոշ տաղանդավոր երեխաների տանեն իրենց հետ: Ճամբարի համակարգող և կազմակերպիչ Լուկա Ամադեսին նշեց, որ այդ հարցը կարգավորվում է ՖԻՖԱ-ի կողմից. «Այժմ այդ հարցը բավականին խիստ է դրված, ու ըստ սահմանված կանոնակարգի, որևէ ֆուտբոլիստ իրավունք չունի խաղալ արտասահմանյան ակումբներում, եթե չի լրացել նրա 18 տարին»:

Մարզիչ Զոլան, սակայն, ասաց, որ եթե, այնուամենայնիվ, տեսնեն բացառիկ տաղանդավոր մեկին, գուցե հեռվից հետևեն նրա աճին և մարզչի հետ կապ պահպանեն. «Օրինակ՝ Ճապոնիայում նկատել էինք երկու տաղանդավոր ֆուտբոլիստի, մեկը 9 տարեկան էր, մյուսը՝ 12: Հիմա նրանք խաղում են երկրի բարձրագույն առաջնությունում: Տաղանդներին նկատելու դեպքում մենք տեղեկացնում ենք Միլանի ակումբին, որ այսինչ երկրում այսպիսի տաղանդավոր ֆուտբոլիստ կա: Թե ինչ կանեն այդ տեղեկատվության հետ, արդեն ակումբն ինքն է որոշում»,- ասաց Կլաուդիո Զոլան:

Ի դեպ, մարզիչները նշեցին, որ առաջին անգամ են տեսնում, որ ճամբարին մասնակցող տղաների ու աղջիկների թիվը համաչափ լինի:

Դեռ երկրորդ օրն է, սակայն մարզիչներն արդեն նկատել են տաղանդավոր պատանիների. թե ինչպես կդասավորվի նրանց կարիերան, ցույց կտա ժամանակը:

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում իտալացի մարզիչներն արդեն նկատում են բացառիկ տաղանդներին
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում իտալացի մարզիչներն արդեն նկատում են բացառիկ տաղանդներին
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում իտալացի մարզիչներն արդեն նկատում են բացառիկ տաղանդներին
Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում իտալացի մարզիչներն արդեն նկատում են բացառիկ տաղանդներին
3878 | 0
Facebook