Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»

09:06, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
Հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը Գեղարքունիքում մեծ շուքով «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն էր անցկացվել, որին մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը և նախարարներ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը և Վահան Քերոբյանը: Թերևս հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կարող է ունենալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հեծանվավազքի հետ, Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել: Առհասարակ, վերջին շրջանում Քերոբյանն այստեղ, այնտեղ և ամենուր է: Բայց սա, թերևս, հարցի մի մասն է միայն:
     Տեղեկացանք, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել: Նախ ողջ օրվա ընթացքում փակ է եղել Ճամբարակի ճանապարհը, ընդ որում՝ քաղաքացինրը նախապես տեղյակ չեն եղել դրա մասին: Քաղաքացիները երկար ճանապարհ են կտրել, հասել ճանապարհի այդ հատվածը, նոր միայն պարզել, որ փակ է մրցաշարի պատճառով, այլևս չեն կարող շարունակել ճանապարհը, ինչը վարորդների վրդովմունքն է առաջացրել, բունտ է հասունացել:

Սա թերևս ցույց է տալիս իշխանությունների անպատասխանատու և արհամարհական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների, որոնց առջև խոնարհվում էր տարիներ առաջ Փաշինյանը: Հատկանշական է նաև, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքն անցկացվում է մի մարզում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի թիրախում. թշնամին պարբերաբար կրակում է Գեղարքունիքի գրեթե բոլոր գյուղերի ուղղությամբ, Սոթքի հանքավայրը փակվել է, 800-ից ավելի քաղաքացիներ մնացել են առանց աշխատանքի:

Չնայած այս ամենին՝ վարչապետը և նախարարները ուրախ դեմքով Գեղարքունիքում հեծանվավազքի մրցույթի են մասնակցում, կարծես թե դա է օրհասական խնդիրը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4959 | 1
Facebook