Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր էլ վճռական ընտրության պահն է». Սերժ Սարգսյան

09:36, կիրակի, 28 մայիսի, 2023 թ.
«Այսօր էլ վճռական ընտրության պահն է». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում:
     Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:
     Հավերժ փա՛ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը` փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:
     Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:
     1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:
     Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:
     Այսօր էլ վճռական ընտրության պահն է:
     Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը:

5732 | 1
Facebook