ՀՀ ԱԳՆ-ն այսօր պատասխանել է Factor.am-ի հարցադրմանը, թե արդյո՞ք հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է Ադրբեջանի հետ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և, մասնավորապես, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: