Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Խորհրդավոր ժայռափոր բնակատեղի Սպիտակի մոտակայքում

22:36, չորեքշաբթի, 24 մայիսի, 2023 թ.
Խորհրդավոր ժայռափոր բնակատեղի Սպիտակի մոտակայքում

1977 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքից դեպի Շիրակի մարզ տանող ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ սև տուֆի հսկայածավալ զանգվածի մեջ հայտնաբերվել է ժայռափոր մի բնակավայր, որը երկու տարի շարունակ պեղվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի արշավախմբի կողմից։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակավայրն առաջացել է 12-13-րդ դարերում, առևտրական բանուկ ճանապարհների վրա և ապրել տնտեսական աշխույժ կյանքով։

     Շուրջ 300 մետր երկարությամբ բնակավայրը ոչ խորը կիրճով բաժանվում է երկու թաղամաս-հատվածի։ Տարբեր մակարդակների հարթակների վրա բացվել են 4-5 սենյականոց մոտ 40 համալիր։
Քարանձավների մի մասը կրկնահարկ ու եռահարկ են։ Դրանք միմյանց հետ հաղորդակցվել են գաղտնուղիներով և քարե (հավանաբար՝ նաև փայտե) աստիճաններով։
Ճարտարապետական հղացմամբ, հատակագծային հորինվածքով ու ներքին հարդարանքով բնակավայրը նման է Անիի ստորգետնյա «քաղաքի» և Վրաստանի ժամանակամերձ նույնատիպ հուշարձանների (Վարձիա և այլն) հետ։
Հստակ առանձնանում են շինությունների 4 տիպեր՝ պաշտամունքային, հասարակական, բնակելի և արտադրական։ Բնակավայրում կա ժայռափոր ոչ մեծ եկեղեցի (պահպանվել է միայն կեսը), որից արևմուտք գտնվում է վիմափոր տապանատունը՝ մի շարք դամբարաններով։ Տապանատան հատակի ձևն ու կեղծ կամարներն ստեղծում են հայկական ավանդական զավիթների տպավորություն։ Բնակավայրի ծայրամասում բացվել է մի քանի բաժանմունքներից բաղկացած քարավանատունը։ Ներքին պարզ հարդարանքով բնակելի սենյակներում կան թոնիրներ և ոչ լայն հարթակներ (ծառայել են որպես ննջարաններ)։
Շինությունների հիմնական խումբը կազմում են արտադրական համալիրները, որոնց հատակներին փորված են վառարաններ և փոքրիկ առվակներով միմյանց միացած զանազան տեսակի հորեր ու փոսեր։
Քարանձավների առաստաղները թաղաձև են, ունեն կեղծ կամարներ, պատուհաններ, պատերի մեջ՝ ճրագներ դնելու և այլ նպատակների ծառայող զանազան փորվածքներ։ Պատերի վրա և առաստաղի կենտրոնում կան փոքրիկ օդանցքներ։
Մուտքերը փակվել են փայտե դռներով կամ մեծ տախտակներով։ Պեղումների ընթացքում գտնվել են ջնարակած ու հասարակ խեցեղեն, աշխատանքային երկաթե գործիքներ ու զենքեր, պղնձե ու ոսկրե զարդեր, երկաթի ու սիլիկատային մնացորդների խարամ, արտադրության հետ կապված տարբեր բնույթի հարմարանքներ, մոնղոլական, վրացական, բյուզանդական դրամներ և այլ առարկաներ։

     Այսօր հուշարջանը, ցավոք, բարձիթողի վիճակում է, չկան ցուցանակներ, պատերին կան ժամանակակից գրություններ, ժայռափոր շինությունները կրկին լցվում են հողով։
     Հուշարձանն այցելուներ գրեթե չի ունենում»։

4644 | 1
Facebook