Այս տարի թանգարանների գիշերին կմիանա 116 թանգարան
![]() Թանգարանների միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1977 թվականից։ Հայաստանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը միացել է 2005 թվականից։ ![]() Հետաքրքիր հանդիպումներով է հանդես գալիս Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի անվան թանգարանը։ Մայիսի 20-ին ժամը 18։00-ից սկսած թանգարանում սպասվում է հանդիպում Քրիստ Մանարյանի հետ, գորգագործության վարպետաց դաս, կիթառով համերգ և երեխաների համար նախատեսված անակնկալներ։ Վերանորագման պատճառով այս տարի Ռուսական արվեստի թանգարանը Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում միջոցառումները կիրականացնի թանգարանի դիմացի բացօթյա հատվածում։ ![]() «ՉՈՐՍԸ ՆԿԱՐ, ՉՈՐՍԸ ՊԱՏՈՒՄ. ԹԱՆԳԱՐԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՅՑԵԼՈՒԻՆ» խորագրի ներքո կցուցադրվեն թանգարանի հավաքածուի չորս գլուխգործոցների վերատպություններ` իրենց ուղեկցող կրթական-ինտերակտիվ ծրագրերով և վարպետության դասերով։ Մայիսի 20-ին Գյումրիում ևս կմիանան «Թանգարանների գիշեր» միջոցառումներին: Բազմաթիվ հանդիպումներ, ցուցադրություններ և վարպետաց դասեր կանցկացվեն Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Մհեր Մկրտչյանի թանգարանում, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում և այլն։ Թանգարանային գիշերը անակնկալներով ու հանդիպումներով լեցուն կլինեն նաև Գորիս քաղաքի թանգարաններում։ Ակսել Բակունցի, Սերո Խանզադյանի տուն-թանգարանները հրավիրում են հիմնական ցուցադրությունները ևս մեկ անգամ դիտելու և մասնակցելու թանգարանների կողմից հատուկ խորհրդաշնական օրվա համար կազմակերպված միջոցառումներին։ Մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ը իր այցելուների համար դռները անվճար կբացի նաև Հայաստանի Բնության թանգարանը։ Հիշեցնենք, որ «Հայաստանի բնության պետական թանգարանը» հանդիսանում է մեր տարածաշրջանում գործող միակ համալիրային թանգարանը: Մայիսի 20-ին, իր հիմնական ցուցադրության վերաբացումից բացի, հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես գալիս նաև Հայաստանի Պատմության թանգարանը։ Երեկոյան թանգարանում տեղի կունենա «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան)։ ![]() Մայիսի 20-ին առավոտից մինչև կեսգիշեր բաց կլինի նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի դռները ժամանակավոր և մշտական ցուցադրությունների համար։ Ժամանակավոր ցուցահանդեսներից հնարավորություն կտրվի դիտել «Հայկական իմպրեսիոնիզմ» , «Մարտիրոս Սարյան. Գիրք և արվեստ», «Մերկի հանդերձները. մերկության ընկալումները հայկական գրաֆիկայում» և մի շարք այլ ցուցադրություններ։ Հիշեցնենք, որ վերոնշյալ և բազմաթիվ այլ թանգարանների մուտքը մայիսի 20-ին կլինի ազատ։ |