Աճուրդ՝ հարուստների համար. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջիկայում մտադիր են թողարկել «նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից, և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ»։ Խոսքն ավտոմեքենաների պետհամարանիշների մասին է։ Գործող կարգավորումներով նախատեսված է համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող: Դրանք հատկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետտուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսի դեպքում՝ ըստ հաշվառող անձի նախընտրության և կախված կոնկրետ համարանիշից՝ հավելյալ գումար վճարելու դիմաց (36 հազարից մինչև 8 մլն դրամ)։ Ստացվում է, որ հիմա չորրորդ՝ ավելի բարձրակարգ, ինչպես նախագծում է նշվում՝ «մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվող համարանիշներ են թողարկվելու», որոնք ձեռք բերելու համար կիրականացվի աճուրդ։ Իսկ աբսուրդն այն պնդումն է, թե ՀՀ քաղաքացիներն են նման պահանջարկ ձևավորել։ «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ ձեռք բերելու պահանջարկը, իսկ քաղաքացիներից ստացված դիմումների եւ մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում առավել գեղեցիկ և բարձր արժեք ունեցող համարանիշները»,- նշված է նախագծում։ Այսինքն, հետպատերազմական Հայաստանում ցուցամոլների պակաս չկա, կամ էլ իշխանությունը որոշել է այսպիսով արտոնյալների խավ ձևավորել»: Մանրամասները՝ թերթի համարում: |