Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների». Լիլիթ Բլեյան

04:06, երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ.
«Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 2018-ին մշակույթն իրենց մեջ կրողները վերցրին իշխանությունը, տրամաբանությունը պահանջում էր, որ սկսեն բարեփոխել մշակույթի ոլորտը։ Դա նշանակում էր` վերանայել էդ ոլորտի հետ (առնվազն) ՊՈԱԿ-ներով հարաբերվելու` քարացած ու վաղուց իրեն չարդարացնող ավանդույթը, ճկունացնել պետություն-մշակութային ինստիտուտներ/ստեղծագործող անհատներ կապը, ստեղծել հորիզոնական հարաբերություններ։ Պետությունն իհարկե պետք է, պարտավոր է ֆինանսավորել ոլորտը, աջակցել ստեղծագործական միավորներին (անկախ պատկանելությունից), բայց դրա համար կան բազմաթիվ եղանակներ։ Թվում էր` վերջապես դրվելու է մեկ խնդիր` ապահովելու օրենսդրական ու մյուս անհրաժեշտ կարգավորումները, որ Հայաստանում մշակույթի ոլորտը ծաղկի, ու ստեղծագործողները` անհատ, կոլեկտիվ, ունենան առավելագույն ազատություն։ Ի շահ` նույն պետության։
     Սա ևս մի ուտոպիստական, հարիֆ պատկերացում էր, որը շատ արագ` ամիսների ընթացքում, թաղվեց հողում, վրան տապանաքար տնկվեց` ԿԳՄՍՆ վերտառությամբ։
     Ի՞նչ ունենք մենք էսօր` ի դեմս 2018 թ. իշխանությունը գրոհած մշակութակիրների։
     Ունենք կոստյումակիր և փողկապակիր, տակավին երիտասարդ տղամարդկանց և կանանց մի խումբ, որը թատրոնների և մյուս ստեղծագործ հանրույթների մասին խոսում է` փայտը ձեռքին վերակացուի ոճով, կամ` մեծահոգի հովանավորի ինտոնացիայով, մոռանալով, որ իրենք ժամանակավոր սպասավորներն են պետության ու մշակույթի ոլորտի։
     Ունենք ՊՈԱԿ-ների անփոփոխ համակարգ, որը ոչ միայն որևէ բարեփոխման չի ենթարկվել, այլև ավելի ամրակուռ է դարձել` ի հաշիվ փոքր մշակութային միավորների խոշորացման, ինչի հետևանքով ոլորտը հետզհետե զրկվում է ինքնատիպության և ինքնուրույնության (սարսափելի բառ է սա դարձել) որևէ հեռանկարից։
     Ունենք սովորական, պսևդոսովետական, գորշ չինովնիկական կառավարման համակարգ, ընկերներ ջան, որքան էլ դուք փորձեք մեզ շքեղ բառափնջերով ներկայանալ։
     Ինչու՞ պսևդոսովետական, որովհետև բուն սովետականում գոնե սոցիալական մոտեցման տարրեր կային, իսկ էսօր դրանք էլ են բացակայում` փոխարինվելով մարդուն վերջնականապես կենցաղայնացնող, մշակույթից զրկող վայրի շուկայի օրենքներով։
     Եվ Գոյ թատրոնի խնդիրն էսօր շատ լավ լակմուսի թուղթ է` էս ամենը պարզ տեսնելու համար»:

Աղբյուրը` Լիլիթ Բլեյան
2917 | 1
Facebook