Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Թուրք-ֆրանսիական զինադադարով Սիսը թուրքերին հանձնելուց հետո հայերի վերջին խմբերը թողեցին իրենց հայրենիքը». Խ. Սիրեկանյան

02:06, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
«Թուրք-ֆրանսիական զինադադարով Սիսը թուրքերին հանձնելուց հետո հայերի վերջին խմբերը թողեցին իրենց հայրենիքը». Խ. Սիրեկանյան

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Սսի բերդը
     Սիսը գտնվում է Դաշտային և Լեռնային Կիլիկիայի սահմանին, Սիս գետի ու նրա Ասմնձուկ վտակի ափին, բերդը քաղաքից 300 մետր բարձրության վրա է:
     Սիսը հիշատակվում է հնագույն ժամանակներից: Ոմանք այն նույնացնում են Կիկերոնի հիշատակած (1-ին դ մ.թ.ա.) Պինդենիսոս բերդի հետ:
     Անունը սեմական ծագում ունի և արամեերենում նշանակում է «քահանա, կրոնավորների բնակատեղի»:
     Մինչև 5-6-րդ դդ Սիսը ենթարկվում էր Հռոմին, ապա Բյուզանդիային:
     8-րդ դարի սկզբներին Սիսը նվաճել են արաբները: Այդ ժամանակաշրջանի արաբ հեղինակները վկայում են, որ Սսի բնակչության մեծ մասը հայեր էին:
     Սիսը բյուզանդացիների ձեռքից գրավել է Թորոս Ա. Մեծ (1110-1123) իշխանը իր գահակալման սկզբին` տեղի՝ մեծամասնություն կազմող հայերի աջակցությամբ:
     1441 թ. կաթողիկոսությունը Էջմիածին տեղափոխվելուց հետո Սիսը մնաց՝ որպես Կիլիկիայի հայոց կաթաղիկոսի նստավայր: Քաղաքում տարբեր ժամանակներում կառուցվել են մեկուկես տասնյակի չափ եկեղեցիներ: Սբ Ստեփանոս եկեղեցում է թաղված Լևոն Բ-ն: Մեծ հռչակ էր ձեռք բերել Ներսես Լամբրոնացու համալսարանը, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին (13-րդ դ) և ուրիշներ: Հովհաննես Երզնկացու վկայությամբ` Սիսում գործում էր նաև բժշկական համալսարան, ուներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ:
     1375 թ սուլթան մելիք Աշրաֆի զորքերը, ներխուժելով Կիլիկիա, պաշարում են Սիսը: Այն գրավվեց թշնամու կողմից, ավերվեց ու կողոպտվեց: Այդ պահից դադարեց գոյություն ունենալ Կիլիկիայի հայկական թագավորությունը: 1487 թ. քաղաքը գրավեցին օսմանցի թուրքերը:
     Մինչև 1915-18 թթ. Սիսում ապրում էին շուրջ 10000 հայեր: Ունեին 6 գործող եկեղեցի, 5 դպրոց: Այստեղ Կիլիկիայի կաթողիկոսարանին կից 19-րդ դարի կեսերից գործում էր նաև Ժառանգավորաց վարժարանը: Սիսի հայերը մեծապես տուժեցին 1909 թ կոտորածներից, իսկ 1915-18 թթ զանգվածաբար ոչնչացվեցին կամ տարագրվեցին: 1920 թ. մայիսի 30-ի թուրք–ֆրանսիական զինադադարով Սիսը թուրքերին հանձնելուց հետո հայերի վերջին խմբերը թողեցին իրենց հայրենիքը և արտագաղթեցին»:

4947 | 0
Facebook