Բաղդադը հաղթեց Անկարայի նկատմամբ Փարիզի Առևտրի միջազգային պալատի Միջազգային արբիտրաժային դատարանում Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանից նավթի արտահանման վերաբերյալ երկարաժամկետ դատական գործընթացը։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ Իրաքի նավթարդյունաբերության ներկայացուցչին հղումով։
«Թուրքիան պաշտոնապես տեղեկացրել է Իրաքին, որ հարգելու է իրավարար վճիռը, որը կայացվել է Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման կապակցությամբ»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով, Թուրքիան թույլ չի տա Իրաքյան Քրդստանի նավթի արտահանումը թուրքական ծովափնյա Ջեյհան նավահանգստից՝ առանց Բաղդադի կառավարության հավանության։
Գործը քննվում էր գրեթե 9 տարի՝ սկսած 2014թ.: Բաղդադը հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ թուրքական պետական նավթագազային BOTAS ընկերությունը սկսեց Իրաքյան Քրդստանից առաքված նավթը համաշխարհային շուկա արտահանել առանց Իրաքի կառավարության պաշտոնական թույլտվության և համաձայնության։