Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական AlQahera News լրատվամիջոցին
![]() ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել եգիպտական առաջատար «AlQahera News» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև. Հարց. Ի՞նչ բնույթ ունեն Եգիպտոսի և Հայաստանի միջև հարաբերությունները: Ի՞նչ սպասելիքներ կան հայ-եգիպտական համագործակցության հետագա զարգացումից։ Առկա է երկուստեք պատրաստակամություն առավել խորացնելու մեր համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Առաջիկա ամիսներին գործարար համաժողովին զուգահեռ նախատեսվում է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը, և հուսով ենք, որ այն կունենա շոշափելի արդյունքներ։ Փետրվարին Կահիրեում արդեն իսկ կազմակերպվել է գործարար համաժողով հայկական և եգիպտական զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների միջև, հաջորդը նախատեսվում է անցկացնել Երևանում։ Մենք համոզված ենք, որ Եգիպտոսի հետ կա չօգտագործված հսկայական ներուժ, որը մենք պետք է ուսումնասիրենք և հաստատկամորեն իրացնենք: Հայաստանն մեծապես հանձնառու է բոլոր արաբական պետությունների հետ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մենք տեսնում ենք համանման մոտեցում նաև մեր գործընկերների կողմից և կարծում ենք, որ այդ ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան։ Մեզ համար կարևոր է բարեկամ արաբ երկրների հետ լիարժեք փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները, և պետք է թույլ չտալ, որ երրորդ երկրների կողմից շահարկումները ստվերեն այդ դարավոր հարաբերությունները։ Հարց. Ի՞նչ ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա: Ավելին, 2022թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում։ Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից։ Հարց. Ի՞նչ կարող եք ասել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի հետ երկխոսության ակտիվացման վերաբերյալ Հայաստանի պատրաստակամության մասին: Ի՞նչ հարցեր են քննարկվում այս ուղղությամբ: Պատասխան. 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով մեր տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում: Առկա են բանակցությունների առանձին ուղղություններ. առաջինը՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումն է, երկրորդը՝ սահմանազատումն ու սահմանային անվտանգությունը և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիրը: Հաղորդակցությունների հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենն ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլ նաև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանների՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Անդրադառնալով պայմանագրին՝ պետք է նշեմ, որ որ սկսած 2022թ. դեկտեմբերից մենք փոխանակել ենք պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար: Հաջորդը, պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտնագության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը: Անշուշտ, որպես կարևոր բաղադրիչ, պետք է առկա լինի միջազգային մեխանիզմ, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը: Այս գործողություններին զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ կողմից հաստաված` 33 հայ ռազմագերիներին պատանդառության մեջ պահելը: Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման ահագնացող սպառնալիքի առջև: Այս ամենը մարտահրավեր է նետում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին: Հարց. Ձեր կարծիքով, ո՞րն է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հնարավոր լուծումը։ Պատասխան. Նախ և առաջ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարաի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել։ Ավելին, ուզում եմ ընդգծել, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի մասին արդեն նշեցի, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։ Հարց. Արդյո՞ք կա որևէ երկխոսություն կամ միջազգային ներգրավածություն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: Պատասխան. Գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար: |