Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թուրքիայի սահմանի բացումը ՀՀ-ի տնտեսության համար վտանգ չէ, այլ հնարավորություն». Քերոբյան

23:30, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
«Թուրքիայի սահմանի բացումը ՀՀ-ի տնտեսության համար վտանգ չէ, այլ հնարավորություն». Քերոբյան

Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա։

«Թուրքիայի հետ սահմանը ներմուծման առումով վաղուց արդեն բաց է։ Թուրքական արտադրողները Հայաստանում իրենց ապրանքը իրացնելու որևէ խնդիր չունեն, և դա անում են վաղուց։ Այլ բան է, որ հայկական ընկերությունները թուրքական շուկայի հասանելիություն դեռևս չունեն, և մենք վստահ ենք, որ սահմանի բացումը ավելի շատ հնարավորություն է, քան վտանգ»,– ասաց Քերոբյանը։

Բայց այդ հնարավորությունից օգտվելու համար, նրա դիտարկմամբ, հայկական ընկերությունները պետք է կարողանան հասցնել բարձրացնել իրենց արտադրողականությունն ու արդյունավետությունը։

«Լինել անգրագետ, կներեք, կոպիտ արտահայտությանս համար, լինել ցածր արտադրողականությամբ և հուսալ, որ կառավարությունը պետք է արհեստական պատնեշներով պաշտպանի իրենց, չի կարելի։ Դա անբնական է, և, եթե այդպես ենք անում, ապա վնասում ենք սպառողների շահերը»,– ասաց Քերոբյանը` արձագանքելով թուրքական ապրանքների, հատկապես գյուղմթերքի ցածր ինքնարժեքի մասին մեր դիտարկմանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև շեշտեց, որ կառավարությունը հայաստանյան գյուղատնտեսական ընկերություններից թուրքական էժան գյուղմթերքի ներկրման վերաբերյալ ոչ մի մտահոգություն չի ստացել։

Հարցին, թե Հայաստանն ինչ կարող է արտահանել Թուրքիա, Քերոբյանը պատասխանեց, որ Թուրքիայում պահանջարկ վայելող ոլորտները շատ են` սնունդ, տեքստիլ, ոսկերչություն, ադամանդագործություն ու նաև բարձր տեխնոլոգիաներ։

«Համարյա բոլոր ոլորտերում էլ ունենք առաջարկելու ապրանքներ։ Իսկ որոշ կատեգորիաներում մենք նաև ունենք ընկերություններ, որոնք աշխարհում են առաջատար»,– ասաց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը չբացառեց նաև հայկական առողջապահական ծառայությունների պահանջարկը Թուրքիայի քաղաքացիների շրջանում ու նաև առողջապահական տուրիզմի զարգացումը դեպի Հայաստան։

1886 | 0
Facebook