Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական մեդիա դաշտը նոր թափով սկսել է պատերազմի ու ագրեսիայի քարոզ անել». ադրբեջանագետ

20:36, երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ.
«Ադրբեջանական մեդիա դաշտը նոր թափով սկսել է պատերազմի ու ագրեսիայի քարոզ անել». ադրբեջանագետ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը. «Ալիևի վերջին հայատյաց ու ագրեսիվ ելույթից հետո ադրբեջանական մեդիա դաշտը նոր թափով է սկսել պատերազմի ու ագրեսիայի քարոզ անել: Այսպես, Ադրբեջանի պետական AZ TV հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ հաղորդավարը նշում է.
     «Հայաստանը համ «փախչող շան պես» փախել է պատերազմի ժամանակ, իսկ այժմ չհամաձայնվողի վիճակո՞ւմ է հայտնվել: Գործընթացը տանում է դեպի պատերազմ: Գլոբալ մակարդակով մեր երկրի դեմ տեղեկատվական արշավ է գնում, խոսում են ԼՂ անկախության ճանաչման մասին, արդյունքում Երևանը խիստ ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել: Փորձու՞մ ես պայմաններ թելադրել բանակցություններում Հայաստան, դու կորցրել ես պատերազմը, խայտառակվել ես, ի՞նչ պայմաններից ես խոսում, բայց մի անհանգստացի «ռազմավարի պուրակում» բավականին տեղ կա դեռ ազատ, մենք հաճույքով կհամալրենք այն հայկական տեսականիով...»:
     Ահա այսպես էլ ադրբեջանցի ժողովրդին պատրաստում են «խաղաղության»: Կարող եք այս տեսանյութը ցույց տալ միջազգային գործընկերներին, սա պետական հեռուստաընկերություն է, և ամենաշատը հենց դրանով են ատելության ու ագրեսիայի քարոզ անում, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության որևէ միտում չունի, դա ակնհայտ էր թե՛ 2020 թ. նոյեմբերին, թե՛ 2021 մայիսին, թե՛ 2021 նոյեմբերին, թե՛ 2022 փետրվարին, օգոստոսին ու սեպտեմբերին և թե՛ հենց հիմա:
     Անհասկանալին այն է, թե ինչու են պետական համապատասխան գերատեսչությունները նոր սկսել տեսնել ու գնահատականներ հնչեցնել այս իրողության մասին: Հուսանք, դա հետևողական բնույթ կկրի և հստակ գործողությունների ծրագիր կդառնա: Հակառակ դեպքում, Ադրբեջանն օր օրի ավելի ագրեսիվ ու անկառավարելի է դառնում՝ դուրս դնելով իրեն միջազգային իրավակարգից»:

3497 | 0
Facebook