Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ է սպասվում որոշումից հետո». Ռոբերտ Անանյան

16:18, շաբաթ, 18 մարտի, 2023 թ.
«Ի՞նչ է սպասվում որոշումից հետո». Ռոբերտ Անանյան

Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է սպասվում Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշումից հետո։
     Փաստացի, այսուհետ Պուտինը կասկածվում է շատ կոնկրետ ռազմական հանցագործություն կատարելու մեջ, այն է՝ ուկրաինացի երեխաների տեղափոխումը Ռուսաստան։ Ինչպես գիտենք, ապօրինի տեղափոխելուց հետո ուկրաինացի երեխաներին «վերադաստիարակում» են և դարձնում ռուս։ Տիպիկ ֆաշիստական պատմություն։
     Պուտինը այսուհետ հետապնդվում է Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից՝ նրան ձերբակալելու օրդեր տալը դա է նշանակում։ Բայց Միջազգային քրեական դատարանը չունի ոստիկանություն, որը կձերբակալի Պուտինին։ Դա պետք է անեն Հռոմի ստատուտը վավերացրած պետությունները։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ իրականության մեջ։ Միջազգային քրեական դատարանը հիմնել է Հռոմի ստատուտը, որը միջազգային պայմանագիր է։
     Հռոմի ստատուտը վավերացրել է 123 պետություն, որոնք պարտավորվել են միջազգային դատարանի որոշումները կատարել, ստորագրել է 139 պետություն։ Այսինքն՝ 16 պետություն չի վավերացրել, թեև ստորագրել է։ Թեև Ռուսաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը, բայց Վլադիմիր Պուտինը, եթե հայտնվի վավերացրած 123 պետությունների ցամաքային և օդային տարածքում, այդ երկրները պարտավոր կլինեն ձերբակալել նրան և հանձնել միջազգային դատարանին։ Պրակտիկորեն՝ Պուտինին ձերբակալելու որոշում պետք է կայացնի 123 պետություններից յուրաքանչյուրի ղեկավարությունը, կախված այն բանից, թե ո՞ր երկիր կգնա Պուտինը։ Դա կլինի քաղաքական որոշում։
     Իրականության մեջ կարող են Պուտինին չձերբակալել։ Դա ևս կլինի քաղաքական որոշում։ Սակայն փաստացի՝ 123 պետություն ունի միջազգային պարտավորություն կատարել Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարանի օրդերը։ Որպեսզի Հռոմի ստատուտը վավերացրած 123 պետությունները չշրջանցեն միջազգային պարտավորությունները, կարծում եմ՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և մյուս գերտերությունները պետք է պատժամիջոցներ կիրառեն Վլադիմիր Պուտինին չձերբակալող պետության դեմ։
     Այսինքն՝ չձերբակալելը տվյալ պետության համար պետք է առաջացնի ո՛չ միայն իրավական հետևանք՝ որպես Միջազգային քրեական դատարանի որոշման չկատարելու հետևանք, այլև քաղաքական, տնտեսական և այլ պատիժներ։ Այս դեպքում՝ Պուտինի իզոլյացիան ավելի կուժեղանա։ Նրան հյուրընկալել պատրաստվող պետությունը պետք է գիտակցի, որ կպատժվի, եթե Պուտինին չհանձնի դատարանին։ Հակառակ դեպքում՝ այս որոշումը զրո արդյունք կունենա։
     Շատերը կարող են պարզապես թույլ չտալ Պուտինին մտնել իրենց պետության օդային և ցամաքային տարածք։
     123 պետություններից յուրաքանչյուրի համար մեծ պատիվ պետք է լինի միջազգային հանցագործ Վլադիմիր Պուտինին ձերբակալել և հանձնել միջազգային դատարանին։ Նա սանձազերծել է արյունալի, դաժան պատերազմ, դարձել է հարյուրհազարավոր մարդկանց մահվան, մեծ ավերների պատճառ։ Մարդկության դեմ հանցագործություններ կատարած Վլադիմիր Պուտինին պաշտպանող (չձերբակալող) յուրաքանչյուր պետություն պետք է ստանա պատժամիջոցների այն նույն ծավալը, ինչ Ռուսաստանի դեմ է կիրառվել։
     Կարծում եմ, որ Հայաստանը պետք է վավերացնի Հռոմի ստատուտը, ինչպես արդեն այդ գործընթացի մասին տեղեկացրել են իշխանությունները։
     Դա անհրաժեշտ է Հայաստանին, որպեսզի Պուտինից ոչ քիչ պատերազմական հանցագործություններ կատարած Իլհամ Ալիևը նույնպես կանգնի Հաագայի քրեական դատարանի առաջ։ Չե՞ք ուզում ձերբակալել Պուտինին, նրան տեղեկացրեք, որ չեք կարող չկատարել միջազգային քրեական դատարանի որոշումը, թող չգա Հայաստան, նրա հետ հեռավար հանդիպեք կամ դուք գնացեք Ռուսաստան։ Հազար ու մի ձև կա։ Հուսանք՝ Հռոմի ստատուտը կվավերացնի Հայաստանը։
     Պատմությունը հիշելու է այս օրերը»:

Աղբյուրը` Ռոբերտ Անանյան
7488 | 5
Facebook