Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր ժողովուրդը կյանքն ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից». Կարեն Անտաշյան

02:06, չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ.
«Մեր ժողովուրդը կյանքն ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից». Կարեն Անտաշյան

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժողովուրդը կյանքը մի տեսակ գեղարվեստական հնարանքի տեսակետից է ընկալում։ Ընդ որում, ընկալում է մանկամիտ ընթերցողի դիտանկյունից՝ երբ ընթերցողն իր կարդացած պատմության հերոսին նույնականացնում է ինքն իր հետ։ Այսինքն, ըստ գեղարվեստական կոմպոզիցիայի, եթե առաջին արարում իմ նախնիներին սպանել, ջարդել, տեղահանել են, իսկ երկրորդ արարում այդտեղ ապրող ցեղասպանների սերունդները մեռնում են երկրաշարժից, ուրեմն այդ երկու իրադարձությունները իրար հետ մի ձև պետք է կապ ունենան, անկախ քեզնից՝ ուզվում է, որ կապ ունենան, որպեսզի կոպմոզիցիոն շրջանը ամբողջանա։ Մինչդեռ, եթե կյանքն անգամ ունի էլ որոշակի դրամատուրգիա, ապա դա ավելի շատ կանխակալ հորինվածքից զերծ, գաղափարազուրկ փորձարարության վրա հիմնված էքսպերիմենտալ հյուսվածք է, որտեղ իրադարձություններն ավելի շուտ հստակ պատճառահետևանքային կապով կապված չեն, որտեղ արդարությունը չի հաղթելու, որովետև հստակ չէ, թե ինչ է արդարությունը, որտեղ հեփի էնդի հույս, առհասարակ հույս գոյություն չունի, որտեղ ամեն պահը ծնում է իր հաջորդին առանց նրա սեռն իմանալու։ Հմուտ ընթերցողն այս ամենից հաճույք ստանալու համար ինքն իրեն պետք է ոչ թե հերոսի հետ նույնականացնի, այլ՝ հեղինակի, քանի որ հեղինակը միշտ հաղթում է անգամ ամենադրամատիկ վերջաբանով տեքստի մեջ, քանի որ իր զորությունը ոչ թե հույս կամ հուսահատություն ներշնչելն է հանգուցալուծման միջոցով, այլ բանը բանի հետ հարաբերլու շնորհքը։ Այսպես, Դոն Կիխոտը վերջում ընդունում է, որ ինքն ընդամենը կիսախելագար ծերունի է, քրչոտ ցնցոտիներով, թշվառ սենյակում պարփակված։ Դոն Կիխոտը կամավոր դուրս է գալիս իր հորինած պատմության միջից, կամավոր ապահերոսանում, նա պարտվում է մինչև վերջ, բայց դրա փոխարեն հաղթում է Սերվանտեսը։ Հաղթում է՝ ինքնամոլորության ծուղակն ընկած, հեքիաթին հավատացած ու կործանված մարդու պատմությամբ, նրա թշվառության ու երազկոտության հանդեպ մարդկային սրտերը ապրումակցությամբ փխրելու ուժով։ Կյանքն իբրև գեղարվեստական տեքստ ընկալելով՝ հեղինակի հետ նույնականանալը արարչի հետ նույնականանալն է, արարչի, ով ոչ թե ուզում է իր մի տեսակի արարածների հաղթանակը մյուսների հանդեպ, կամ մի տեսակի արարածներին կեղեքած մյուս տեսակի արարածների արդարացի հատուցումը, այլ արարչի, ով ուզում է առնվազն ձանձրալի չլինել, լինել անսպասելի ու անըմբռնելի ու դրա բերումով երբեն չափազանց ցինիկ է գտնվում ու անողոք իր հորինած հերոսների հանդեպ»։

Աղբյուրը` Կարեն Անտաշյան
2798 | 0
Facebook