Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում». Ռուբեն Վարդանյան

18:12, հինգշաբթի, 02 փետրվարի, 2023 թ.
«Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում». Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը մասնակցել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որն անցկացվել է «Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելում. Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը և Արցախը զրկում կենսական պայմաններից՝ ձգտելով հայաթափել այն» խորագրի ներքո:

Փետրվարի 1-ի երեկոյան կայացած քննարկմանը մասնակցել են նաև Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոլենը: Միջոցառումը վարել է Խաղաղության հաստատման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը:

Բացելով քննարկումը՝ Դեյվիդ Ֆիլիփսը նշել է, որ նպատակն է ներկայացնել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Արցախը Հայաստանի հետ: Շրջափակումը զինադադարի պայմանների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտում է: Ադրբեջանը խաթարում է Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ սննդամթերքը, վառելիքը և դեղորայքը 120,000 հայերի համար: Այս գործողություններն, ըստ էության, տանում են երկրորդ հայոց ցեղասպանության: Հենց այդպես էլ անվանել ենք այսօրվա քննարկումը»:

Սենատոր Քրիս Վան Հոլենն իր խոսքում նշել է, որ ականատեսն ենք լինում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հերթական դրվագին: «50 օրից ավելի է՝ Ադրբեջանը Արցախի ժողովրդին շրջափակման մեջ է պահում՝ զրկելով նրանց սննդից, դեղորայքից և ամենօրյա անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից: Շրջափակվածների թվում են 30000 երեխաներ, 20000 տարեցներ և 9000 հաշմանդամություն ունեցող մարդիկ: Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում: Մենք չենք կարող չբարձրաձայնել այս չարամիտ գործողությունների մասին», - նշել է նա:

Ողջունելով նախաձեռնությունը՝ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման և Արցախին աջակցելու համար: Նա կարևորել է Արցախը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելը. «Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում աջակցել են մեզ: Ուզում եմ ասել, որ Արցախում բոլորիս համար շատ կարևոր է զգալ, որ մենք միայնակ չենք»:

Արցախի պետնախարարն ասել է, որ խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ, խնդիրը մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքի մասին է: «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք խաղաղության, բայց այն պետք է հարգեն բոլոր կողմերը: Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում, ինչը բացարձակապես անընդունելի է նախագահ Ալիևի համար, ով բացահայտ հայտարարում է, որ նախընտրում է Արցախն առանց հայերի, եթե հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի օրենքներով: Սա լուրջ մարտահրավեր է ազգերի ինքնորոշման իրավունքի և ժողովրդավարական մյուս սկզբունքների համար,- ասել է Ռուբեն Վարդանյանը: - Միջազգային դերակատարները պետք է պետական մակարդակով հստակ դիրքորոշում արտահայտեն: Սա ոչ միայն իրավական խնդիր է, այլ մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչն անընդունելի է ցանկացած չափորոշիչներով: Այդ պատճառով շատ կարևոր է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ցույց տալու համար, որ դա անընդունելի է: Շատ կարևոր է նաև պոտենցիալ պատժամիջոցներ սահմանել այն կողմերի, անձանց դեմ, ովքեր իրավունքներ են խախտում, քանի որ նրանք խաթարում են մարդկանց նորմալ կյանքի պայմանները: Կարծում եմ, որ շատ կարևոր է բարձրացնել օդային միջանցքի հասանելիության հարցը՝ դեպի Արցախ մարդասիրական օգնություն մատակարարելու և ճանապարհից կախվածություն չունենալու համար»:

Վան Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ձգտում է վտարել Հայաստանի և Արցախի ժողովրդին իր հայրենիքից. «Այդ «Էկոակտիվիստները» էկոակտիվիստներ չեն, նրանք հատուկ ծառայությունների անդամներ են և տարբեր ձևերով կապված են Ալիևի կլանի հետ, նրանք պաշտոնական լիազորություններ ունեն»: Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն իրենց ժողովուրդներին պատրաստում են նոր պատերազմի. «Արցախն ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը և մյուս պետությունները կաջակցեն նրան այդ հարցում»:

«Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում». Ռուբեն Վարդանյան
«Կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում». Ռուբեն Վարդանյան
| | |
2460 | 0
Facebook