Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում. իրավիճակն Արցախում

18:42, չորեքշաբթի, 01 փետրվարի, 2023 թ.
7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում. իրավիճակն Արցախում

ԱՀ օպերատիվ շտաբի նիստում ներկայացվել է շրջափակման պայմաններում պարենային ապրանքների, վառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը

Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, պահպանվում է բենզինի և դիզվառելիքի խնայողական ռեժիմը:

Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս աշխատանքներ են իրականացվում:
     Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան:

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Հունվարի 31-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ:
     Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:

Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար:
     Օրվա վիճակագրական թարմացումներ
     7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
     12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
     Արդեն 190 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
     ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
     Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
     Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,103 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
     Ավելի քան 20,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
     Կարևոր փաստեր
     Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 52 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
     Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
     Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից փակվել է 41 մանկապարտեզ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
     5,528 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից:
     Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

3951 | 0
Facebook