ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է փետրվարին այցելել Կենտրոնական Եվրոպա։
Այդ մասին Ռիգայում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Նրա խոսքով՝ Լեհաստանը սպասում է Բայդենի այցին, քանի որ հենց նա է հայտարարել նման ծրագրերի մասին։
«Նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, փետրվարին կայցելի Եվրոպայի մեր հատվածը»,- ասել է Դուդան։ Ինչպես պարզաբանել է Լեհաստանի նախագահը, նա նկատի ունի Կենտրոնական Եվրոպան։
«Եվրոպայի մեր մասը այս համատեքստում Ռումինիայից մինչև Էստոնիա տարածքն է», - ասել է նա՝ ընդգծելով, որ այս պահին դժվար է հստակ ասել, թե որտեղ կլինի Բայդենը։
Բայդենը երկուշաբթի ասել է, որ մտադիր է այցելել Լեհաստան, սակայն դեռ չգիտի, թե կոնկրետ երբ կարող է նման այց կայանալ։
Հունվարի 25-ին NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Բայդենը դիտարկում է փետրվարին մի շարք եվրոպական երկրներ այցելելու հնարավորությունը։ Աղբյուրների համաձայն՝ ուղևորությունը կարող է համընկնել Ուկրաինայում պատերազմի մեկնարկի տարելիցի հետ։ Միաժամանակ, հեռուստաընկերությունը չի հստակեցրել, թե այս շրջագայության շրջանակներում հնարավո՞ր է ԱՄՆ նախագահի այցը Կիև։