ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելի իշխանությունների հետ քննարկել է ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինային աջակցություն ցուցաբերելը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր շփումների մասին խոսել է Երուսաղեմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։
Նրա խոսքով, կողմերը քննարկել են «համագործակցության խորացումը՝ Իրանի կողմից ապակայունացնող գործողություններին դիմակայելու և հակազդելու նպատակով»։ Բլինքենը պնդում է, որ իսրայելցի պաշտոնյաների հետ քննարկել է «Մոսկվայի հետ Թեհրանի խորացող կապերը և առաջադեմ զենքերը, որոնք նրանք փոխանակում են» և «Ուկրաինայի բոլոր կարիքները բավարարելու համար աջակցություն ցուցաբերելու կարևորությունը՝ հումանիտար, տնտեսական, անվտանգության»:
Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությունը լուրջ անհանգստություն է առաջացնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի համար, ընդգծել է պետքարտուղարը։
Նրա խոսքով, ոչ միայն Իրանը, իբր, «առաջադեմ ռազմական տեխնիկա է տրամադրում Ռուսաստանին», այլև Ռուսաստանը, իբր, «նույնն է անում Իրանի համար»։
«Եվ դա, իհարկե, իսկապես անհանգստացնում է և՛ մեզ, և՛ Իսրայելին»,- ասել է Բլինքենը։