Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սպաների մեծ մասը փորձում է հրամանատարության մոտ աչքի ընկնել սապոնվելով ու «ախպերություն» անելով»․ Իոաննիսյան

13:36, կիրակի, 29 հունվարի, 2023 թ.
«Սպաների մեծ մասը փորձում է հրամանատարության մոտ աչքի ընկնել սապոնվելով ու «ախպերություն» անելով»․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրում է․ «Սուրեն Պապիկյանը կամ Նիկոլ Փաշինյանը բանակում դրվածք փոխելու տեսլական ունե՞ն
     Այո, 30 տարի առաջ ունեցել ենք արդյունավետ գործող բանակ` գրագետ կառավարման համակարգով։ Բայց Հետո աշխարհը ու մեր թշնամիները առաջ են գնացել, արդիականացրել են բանակի կառավարման համակարգերը, իսկ մենք` ինքնավստահությամբ գինովցած դանդաղ հակառակն ենք արել։
     Քանի դեռ Ադրբեջանն արդիականացնում էր բանակի սովետական կառավարման համակարգը` մենք միայն քանդում էինք եղածը։ Քանդում էինք նրանով, որ բանակում չի խրախուսվել հրամկազմի կրթությունն ու մասնագիտական աճը, իսկ տեղը խրախուսվում էին կոռուպցիոներներն ու ԽԾԲ ունեցողները:
     Գրագետ, ծառայությանը նվիրված ու նախաձեռնող մարդկանց համակարգը ամեն կերպ վանում էր (դեռ վանում է), որ ֆոնին չերևա մնացածի տգիտությունն ու անտարբերությունը:
     Արդյունքում այժմ գրեթե ամեն սպա փորձում է առաջացած խնդիրները ոչ թե զեկուցել իր հրամանատարներին (որ միասին լուծեն խնդիրը), այլ փորձում է կոծկել վերադասից (որ գլխացավանք չունենա):
     Այսօր սպաների մեծ մասը փորձում են հրամանատարության մոտ աչքի ընկնել ոչ թե նախաձեռնողականությամբ, այլ սապոնվելով ու «ախպերություն» անելով, քանի որ հենց դա է ուզում հրամանատարությունը։
     Իսկ բանակում ենթակայի նկատմամբ հարգանքի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է։ Ենթակային հարգելը հաճախ ամոթ բան է համարվում։
     Այս ամենի պտուղները քաղել ենք պատերազմի ժամանակ, քաղել ենք խաղաղ ժամանակ ոչ մարտական մահերով (ինժեներական վաշտի 15 տղաների արյունը դեռ չի չորացել)։
     Եվ այստեղ հարց է առաջանում. իսկ արժեքային ու դրվածքային առումով ու՞ր է Սուրեն Պապիկյանը։ Ո՞րն է պաշտպանության նախարարի` բանակում դրվածքը փոխելու տեսլականը։
     Կամ, առհասարակ, կա՞ դրվածքը փոխելու ցանկություն։ Կա՞ գեներալիտետին ու մյուս հրամկազմին այս կոմֆորտ զոնայից հանելու կամք, թե՞ միայն բանակը փող սկսելով ենք բավարարվելու։
     Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, այս ամենը փոխելու ցանկություն ունի, բայց դե համակարգեր փոխելը, մեղմ ասած, իր ուժեղ կողմերից չի»։

3626 | 4
Facebook