Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան:
Այս մասին տեղեկացրել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը:
«Դիմումներն ընդունելուց հետո ստուգվում է՝ արդյո՞ք, տվյալ դիմումատուն ունի փայտի կամ վառարանի անհրաժեշտություն: Եղել է դեպք, փայտի համար դիմել են ու պարզվել է, որ քաղաքացին փայտի կարիք չունի»,- նշել է Սամվել Ղուլյանը:
Նրա հաղորդմամբ՝ դիմումատուների ցանկն այնուհետև ուղարկվում է ԱՀ Ջրային կոմիտե:
«Քաղաքապետարանի կողմից բավարարված հայտերի հիման վրա «Ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից տրամադրվում է վառելափայտ և վառարան»,- «Արցախկերտ»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը:
Նրա տեղեկատվությամբ՝ մեկ դիմումի համար անվճար հիմունքներով 2 խորանարդ մետր վառելափայտ է նախատեսվում:
Դիմումների համար վերջնաժամկետ սահմանված չէ: