Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

13:18, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

1924թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 99 տարեկան:

Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, Սևակը 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ:

Համալսարանական և ասպիրանտական ուսուցման տարիները վճռական նշանակություն են ունենում Պարույր Սևակի հայացքների և իմացությունների ձևավորման գործում: Նա կարդում է համաշխարհային գրականության դասականներին, առավելապես նախասիրում Պուշկինի, Լերմոնտովի, Ուիտմենի, Հայնեի, Բլոկի, Մայակովսկու, Լորկայի, Էլյուարի բանաստեղծական արվեստը, տառացինորեն կլանում հայ քնարերգությունը` Նարեկացուց
     մինչև Դուրյան և Թումանյան, Սիամանթո և Վարուժան, Տերյան ու Չարենց: Ապա ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին:
     Այս տարիներից էլ Սևակի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա` բանաստեղծ և գիտնական, հաճախ հոգեբանորեն հակասական ու իրարամերժ, բայց էապես ուժեղ ու պարտադրող:


     1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվա, սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն, նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Այդ տարիներին հարստանում են բանաստեղծի աշխարհըմբռնումները, ընդլայնվում նրա տեսահորիզոնն ու կյանքի ճանաչողությունը: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած, Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան: Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, վարում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարի պաշտոնը (1966-1971թթ), 1967 թվականին պաշտպանում է դիսերտացիա և ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
     Սովետական գրականությանը մատուցած ծառայությունների համար Պարույր Սևակը 1967 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1968 թվականին նա ընտրվում է ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Ու մինչդեռ նա իր ստեղծագործական հնարավորությունների փայլուն վերելքն էր ապրում, նրա իմաստացած միտքը ակնկալում էր նոր թռիչքներ, մտահաղացումներ ու ծրագրեր, տեղի է ունենում ծանր ողբերգությունը` 1971 թվականին հունիսի 17-ին Պ. Սևակը զոհ է գնում ավտովթարին:

«Աշխարհում լավ բանաստեղծները քիչ չեն, բայց քիչ է թիվն այն բանաստեղծների, ովքեր նոր ակոս են բացում գրականության մեջ և դառնում ժամանակի գեղագիտական մտքի օրենսդիներ: Պարույր Սևակը ընդլայնեց մեր ժողովրդի հոգևոր սահմանները, դուրս բերեց 30 հազար քառ. կմ. տարածությունից և այն դիտեց դարի ու ժամանակի բարձունքներից: Եվ մենք, որ Սեվակի ժամանակիցներն ու հետնորդներն ենք միաժամանակ, այլևս իրավունք չունենք «ատոմային էներգիայի դարում կրակ ստանալ… շփումով»,- ասել է Պերճ Զեյթունցյանը:

3249 | 1
Facebook