Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Իրադարձություններ

Դատախազների աշխատավարձերն ապրիլից գրեթե կրկնակի կբարձրանան

19:20, հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ.
Դատախազների աշխատավարձերն ապրիլից գրեթե կրկնակի կբարձրանան

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների հերթական նախագիծը, ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, ներկայացվելու է ԱԺ հաստատմանը։
     Խոսքն այս անգամ դատախազների աշխատավարձը գրեթե կրկնակի (92%-ով) բարձրացնելու մասին է։ Արդատարադատության նախարարության հեղինակած նախագծով աշխատավարձի բարձրացման անհրաժեշտությունը պատճառաբանվում է դատախազի աշխատանքի «առանձնակի ռիսկային» լինելու հանգամանքով։
     Նախագծի հիմնավորման մեջ նշվում է` վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատախազները կաշառք են վերցնում կամ պաշտոնեական դիրքը չարաշահում ավելի շատ սպանության, առևանգման, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բժշկական սխալի, խարդախության, քրեական ենթամշակույթի հետ կապված հանցագործությունների, վթարների, խուլիգանությունների, խոշտանգումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ դեպքերով, քան կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի վարույթի ընթացքում։
     Բացի այդ, նշվում է, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակն աննախադեպ աճել է, և աշխատանքի գերծանրաբեռնվածության ու ցածր վարձատրության պայմաններում դատախազի աշխատանքը կորցրել է գրավչությունը։
     Անգամ երիտասարդ մասնագետները, բուհն ավարտելուց հետո, դատախազությունում 3-4 տարի աշխատելով ու մասնագիտական փորձառություն ձեռք բերելով, անցնում են փաստաբանական աշխատանքի, որտեղ, ըստ արդարադատության նախարարության` «ավելի քիչ աշխատանքային ռեսուրսներ ծախսելով, զերծ լինելով հանրային պատասխանատվությունից և ազդեցությունների ռիսկերից», ստանում են դատախազի աշխատավարձը բազմապատիկ անգամ գերազանցող վարձատրություն: Այսպիսով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92%–ի չափով:
     Չափը որոշելիս հիմք է ընդունվել Հակակոռուպցիոն կոմիտեում 2023թ. հունվարի 1-ից սահմանված նույն հավելավճարի չափը։
     Դատախազների հավելավճարները նախատեսվում է վճարել 2023թ–ի ապրիլից սկսած։
     Արդարադատության նախարարությունը նաև հաշվարկել է, որ 2023թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ 432 դատախազներին ամսական դրույքաչափի 92%-ի չափով հավելում տրամադրելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի հավելյալ 2 մլրդ 443 մլն դրամ։

| | |
1277 | 1
Facebook