«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը որոշ մանրամասներ հաղորդեց վերջին իրադարձություններից: Իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձևավորվել Արցախում, և քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն և խորհրդարան ձևավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով:
Ինքը` Հարությունյանը, կրկին հավաստիացրել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին և կարծում է, որ նոր, երիտասարդ մարդիկ պետք է մասնակցեն ու իշխանություն ձևավորեն: Բայց բանն այն է, որ այս պահին նաև Ռուբեն Վարդանյանը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, և հրաժարականների արդյունքում կստացվեր, որ պետք է հեռանան ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմի իդեա-ֆիքսն է դարձել, քանի որ կարծում են, որ Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է Արցախում:
Սկզբում Արցախի ղեկավարները մտածել են, որ կկարողանան նոր ընտրություններ կազմակերպել և իրավիճակը լիցքաթափել, սակայն ԱԺ նախագահի հայտարարությունից հետո թեման ծավալվել է, և այլ անձինք` Արցախի նախկին նախագահները, ՀՀ և ամենակարևորը` Ռուսաստանի իշխանությունները սկսել են միջամտել գործընթացին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: