Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն. տեղեկագիր

19:12, շաբաթ, 14 հունվարի, 2023 թ.
Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն. տեղեկագիր

Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն:

Առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։ Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։ Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ, հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ, և դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ։
     Արդեն 5 օր է՝ Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանից ստացվող կենսական էլեկտրամատակարարումից:

Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի վրա։ Արցախում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:

Ինչ է դա նշանակում

Ադրբեջանական ապակառուցողական վարքի պատճառով Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից: Ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում տասնյակ հազարավոր ընտանիքներ շարունակում են բախվել ջեռուցման և կենսական կարիքների բավարարման լուրջ դժվարությունների հետ, իսկ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ ստիպված են դադարեցնել կամ խիստ սահմանափակել իրենց գործունեությունը:
     Ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերականգնվել է Արցախի ինտերնետի վնասված մալուխը:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Արդյունքում հունվարի 13-ի երեկոյան Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետային հաղորդակցությունը վերականգնված է։

Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի՝ Շուշիի հատվածում վնասվելու պատճառով։
     Տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի հերթական նիստը:

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին տեղի ունեցած նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:
     Հանձնարարվել է էներգետիկայի ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
     Անդրադարձ է եղել տնտեսական ծանր վիճակի և հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին:
     Օրվա վիճակագրական թարմացումներ
     11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
     11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
     Արդեն 127 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
     ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։
     Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
     726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։
     Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
     Ավելի քան 13,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
     Կարևոր փաստեր
     Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 34 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
     Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև:
     Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։
     Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

4697 | 0
Facebook