ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Factor TV-ի եթերում, խոսելով Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՌԴ-ից սպասվելիք քայլերի մասին, ասել է․ «Ռուսաստանն ունի ուղղակի պարտավորվածություններ, և հայկական կողմը ոչ թե թիրախավորելով և վիրավորելով պետք է զբաղվի, այլ բոլոր խողովակները՝ պետական, դիվանագիտական, պիտի օգտագործի՝ հասնելու ճանապարհի բացման նպատակին»։
Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ իշխանությունները չգիտեն՝ որ ուժի հետ ինչպես կարելի է խոսել, որովհետև չեն հասկանում, թե որոնք են այդ ուժերի շահերը․ «ՌԴ-ին միջանցքը փակ պահելը չի կարող ձեռնտու լինել, որովհետև դա ուղիղ հարված է իր խաղաղապահ կոնտինգենտի՝ այնտեղ տեղակայվելուն։ Երբ միջանցքը փակ է, հետո բացում են, ավելի շատ հայեր կարող են դուրս գալ Արցախից, դա հարցականի տակ է դնում զորակազմի՝ հետագայում այնտեղ մնալու հանգամանքը»,- նշել է նա։
Պատգամավորի պնդմամբ՝ պետք չէ ռուսներին թիրախավորել, աշխարհաքաղաքական նման դասավորության մեջ նրանց հեռանալուց հետո չի լինի երկրորդ ուժ, որ ցանկություն կհայտնի տեղակայել իր զորքերը։