Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ո՞րն է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում

22:42, կիրակի, 08 հունվարի, 2023 թ.
Ո՞րն է Հայոց Մեծ Եղեռնին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում

Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում 1968 թվականին կառուցված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը, որն ուխտատեղի է համայն հայության համար։ Թեև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր նշանակությամբ ամենակարևոր վայրն է, սակայն քչերը գիտեն, որ Հայաստանում առաջին անգամ Հայող Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը կառուցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ավելի վաղ՝ 1965 թ-ին։ 1965 թվականը անհանգիստ տարի էր Սովետական Հայաստանի, հատկապես՝ մայրաքաղաք Երևանի համար։ 1965 թվականին լրանում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, և այն շարունակում էր արգելված թեմա լինել Խորհրդային Հայաստանում, քանի որ Խորհրդային Միությունը այս կերպ փորձում էր չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սակայն 1965 թվականի ապրիլի 24-ը բեկումնային եղավ, քանի որ հայ հասարակությունն այլևս չէր հանդուրժում լռությունն ու արգելքն իր ցավոտ անցյալի հիշատակի նկատմամբ և ԽՍՀՄ-ում բարձրացավ ընդվզումի առաջին խոշոր ալիքը։ Երևանի փողոցներում կազմակերպված բազմահազարանոց ցույցերի արդյունքում խորհրդային իշանությունը թույլատրեց, որպեսզի Մայր Աթոռը Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցին։

Ցույց. 1965 թվականի ապրիլ
Ցույց. 1965 թվականի ապրիլ
Պաշտոնական լռության պատնեշը քանդվեց ու հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը:

Ահա այս ժամանակ էլ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Էջմիածնի Մայր տաճարի կողքին կանգնեցվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին կոթողը։ Կոթողի հեղինակը նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1965 թ-ի հոկտեմբերի 31-ին։
     Կոթողն իրենից ներկայացնում է ասիմետրիկ խմբակային խաչքարերով հորինվածք՝ հիմնված ազգային ավանդույթների արտահայտչամիջոցների վրա։

Հայոց Մեծ Եղեռնին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում
Հայոց Մեծ Եղեռնին նվիրված առաջին հուշարձանը Հայաստանում

     Հուշարձանի վրա փորագրված է նաև «Վան, Մուսա լեռ, Զեյթուն, Եդեսիա, Հաճըն, Մարաշ, Շապին Գարահիսար, Սարդարապատ, Սասուն» մակագրությունը՝ նվիրված վերոհիշյալ վայրերում տեղի ունեցած հերոսամարտերի հիշատակին։

7284 | 0
Facebook