Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության 11-րդ փուլում չի կարողացել խոսնակ ընտրել

12:42, ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության 11-րդ փուլում չի կարողացել խոսնակ ընտրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել պալատի նախագահ՝ այստեղ անցկացված 11 քվեարկությունների արդյունքում: Նրա թեկնածությունը հրաժարվում են պաշտպանել կարծրդիրքային հանրապետականները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Կոնգրեսում 16 տարվա փորձառությամբ օրենսդիր Մաքքարթին Հանրապետական կուսակցության առաջնորդն էր նախորդ Կոնգրեսում, որի ժամկետը լրացավ երեքշաբթի: Իսկ Մաքքարթին վաղուց էր ցանկանում դառնալ Ներակայացուցիչների պալատի նախագահ: Սակայն նա դեռևս չի կարողանում հավաքել դրա համար անհրաժեշտ առնվազն 218 անդամների համաձայնությունը: Չորեքշաբթի անցկացված քվեարկության բոլոր փուլերը նույնպես անհաջող ավարտվեցին նրա համար:

Հանրապետական կուսակցության շարքերում պահպանողական անդամները շարունակում են պնդել, որ նա գաղափարապես բավականաչափ ուժեղ չէ առաջատար այս պաշտոնը ստանձնելու համար:

Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատն առաջին իսկ փորձով խոսնակ չի ընտրում:

Քվեարկության չորրորդ փուլը տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ արեց Մաքքարթիին ընտրել խոսնակ՝ նրան անվանելով «իմ Քևինը»:

«Ժամանակն է, որ Ներկայացուցիչների պալատի մեր բոլոր հանրապետականները քվեարկեն Քևինի օգտին, փակեն գործարքը և հաղթեն»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Թրամփը հորդորեց 118-րդ Կոնգրեսի փոքրաթիվ հանրապետական մեծամասնությանը «հրաշալի հաղթանակը չվերածել հսկա և ստոր պարտության»։

Սակայն Թրամփի այս հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։

Հանրապետական Լորեն Բոբերթը, չորեքշաբթի ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարեց, որ Թրամփը «պետք է Քևին Մաքքարթիին ասի. դու ձայն չունես, ժամանակն է, որ հանես թեկնածությունդ»։

Նախագահ Ջո Բայդենը նույնպես մեկնաբանել է ստեղծված փակուղին. «Կարծում եմ՝ մի տեսակ ամոթալի է, որ այս ընտրությունն այսքան երկար է տևում, երբ ամբողջ աշխարհն է հետևում դրան: Մենք պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա»,- ասել է Բայդենը:

12-րդ քվեարկությունը կանցկացվի ուրբաթ:

4497 | 0
Facebook