Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է, և ո՛չ հանդուրժելի». Սերգեյ Սմբատյան

12:24, երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ.
«Ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է, և ո՛չ հանդուրժելի». Սերգեյ Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի տարբեր անկյուններում տիրող անհանգստություններին գնահատական տալիս միջազգային հանրությունը հաճախ է անտեսում առանձին մարդու ճակատագիրը։ Սակայն ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է, և ո՛չ հանդուրժելի։ Արցախում այսօր 120000 մարդ զրկված է Հայաստանից ստացվող սննդամթերքից, դեղորայքից, վառելիքից և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից, որովհետև Հայաստանն Արցախին կապող միակ ուղին արդեն կես ամիս շարունակ շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի կյանքի ճանապարհը փակել է ադրբեջանցի բնապահպանների դիմակի տակ թաքնվող ահաբեկիչների խմբակը, որի ավանգարդում կարող ես տեսնել այդ երկրի հատուկ ծառայություններից մինչև թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական և հայատյաց կազմակերպության անդամների։

Արցախի հայ ժողովրդի կրած զրկանքների մասին պետք է ահազանգվի միջազգային ամենակարևոր հարթակներում, քանի որ Ադրբեջանի ստեղծած իրավիճակն արդեն իսկ վերածվում է հումանիտար աղետի։

Ես կոչ եմ անում մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտների բոլոր այն ազդեցիկ անհատներին ու կազմակերպություններին, որոնք անհաղորդ չեն մարդկային ճակատագրերին, դատապարտող և հարկադրող խոսք ուղղել Ադրբեջանին այս հումանիտար հանցագործության համար։ Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունակ են կարևորելու և կարեկցելու անծանոթին այնպես, ինչպես դա կանեին իրենց մերձավորների համար։

Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու Արցախի հայ բնակչության տառապանքներին վերջ դնելու փորձերում»։

4284 | 0
Facebook