ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային մինչև մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Սպիտակ տանը հղումով։
«Համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ՝ որպես նախագահ տրված լիազորությունների՝ ես սույնով պետքարտուղարին լիազորում եմ տնօրինել մինչև մեկ միլիարդ դոլարի միջոցները, որոնք հատկացվել են պաշտպանության նախարարությանը, որպես աջակցություն Ուկրաինային»,- փաստաթղթում մեջբերվում են ամերիկյան պետության ղեկավարի խոսքերը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինան նաև կստանա 850 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն, որը ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգը։ «Այսօրվա օգնությունն առաջին անգամ ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, որը կարող է խոցել թևավոր հրթիռներ, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ և ինքնաթիռներ զգալիորեն ավելի բարձր բարձրությունների վրա, քան նախկինում տրամադրված հակաօդային պաշտպանության համակարգերը», - ասել է Բլինկենը լրագրողներին տված հայտարարության մեջ: